60-ական թվականներին աշխարհի տարբեր ծայրերում ուսանողական շարժումներ բռնկվեցին: Դրանց գագաթնակետը դարձավ 1968 թվականը, երբ ամբողջ աշխարհը ցնցվեց Փարիզի մայիսյան դեպքերից:
1968 թ. սկզբներին Փարիզի Նանտեր նորաստեղծ համալսարանում ուսանողական անկարգություններ սկսվեցին: Ուսանողները պահանջում էին ուսումնական պայմանների բարելավում, ինչպես նաև մասնակցության իրավունք` դասացուցակների, քննությունների և աշխատակազմի մասին որոշումներ ընդունելիս: Ուսանողների մի հատվածը ավելի հեռուն գնաց` համերաշխություն հայտնելով ձախ աշխատավորական շարժումներին և բողոք արտահայտելով Վիետնամում և այլուր մղվող զավթողական պատերազմների դեմ:
Սկսեցին կազմակերպվել այսպես կոչված Teach in-ներ, որոնք իրենցից ներկայացնում էին քննարկումներ առանց սահմանափակումների և հնարավորություն էին տալիս ուսանողներին արագ մտքեր փոխանակել քաղաքական թեմաների շուրջ և տարածել դրանք: Այս միջոցը նախկինում կիրառվել էր ամերիկյան ուսանողական շարժումների կողմից: Բացի այդ, ուսանողները սկսեցին որպես բողոքի գործողություններ գրավել լսարանները`պասիվ դիմադրություն ցույց տալով ոստիկաններին:
Այդ տարիներին ուսանողական ապստամբություններ էին տեղի ունենում նաև սոցիալիստական երկրներում, ինչպիսիք էին Չեխոսլովակիան, Լեհաստանը: Այստեղ ուսանողները շարունակական հանրահավաքներ էին անցկացնում` պահանջելով ավելի լայն իրավունքներ: Չեխոսլովակիայում այդ շարժումը, որը ստացավ «Պրահյան գարուն» անունը, ճնշվեց խորհրդային բանակի տանկերի ներխուժմամբ:
Արևմուտքում ուսանողական շարժումների ղեկավարների դեմ մի շարք բռնարարքները հանգեցրին պատասխան բռնի քայլերի մի մեծ ալիքի: ԱՄՆ-ում 1968թ. ապրիլին սպանվեց սևամորթների իրավունքների համար պայքարող Մարտին Լյութեր Քինգը: Դրա արդյունքում ամերիկյան 80 քաղաքների գետտոներում ապստամբություններ եղան: Նույն տարում Լոս Անջելեսում սպանվեց Ջոն Քենեդիի եղբայրը` Ռոբերտ Քենեդին: Արևմտյան Բեռլինում մահափորձի ենթարկվեց ուսանողական շարժման առաջնորդներից մեկը` Ռուդի Դուչկեն: Դրան հաջորդող օրերին ուսանողները գրավեցին գերմանական խոշոր Շպրինգեր հրատարակչության շենքը: Այդ հրատարակչությունը տպագրում էր «Բիլդ» թերթը, որը ակտիվորեն անհանդուրժողականություն էր հրահրում ուսանողական շարժումների դեմ:
Ապրիլ ամսին իրավիճակը Փարիզում սրվեց: Բողոքների ալիքը հասավ Սորբոնի համալսարան: Ռեկտորի հրամանով ոստիկանությունը ազատեց համալսարանի տարածքը ուսանողներից: Դրա հետևանքում Փարիզի Քարտիեր Լատին թաղամասը վերածվեց ուսանողների և ոստիկանության միջև դաժան պայքարի թատերաբեմի: Ազգային գվարդիան հատուկ դաժանությամբ էր վարվում բարիկադներ կառուցած ուսանողների հետ և ձերբակալում նրանց: Որոշ հեռուստաընկերություններ ուղիղ հեռարձակմամբ հաղորդում էին այդ տեսարանը: Վերջապես մայիսի 13-ին ֆրանսիական արհմիությունները միասնական գործադուլ սկսեցին ամբողջ երկրով մեկ` բողոքելու ոստիկանական ահաբեկման դեմ: Դրան հաջորդեցին գործարանների գրավումը և նոր պահանջների առաջ քաշումը, այդ թվում` աշխատանքային պայմանների բարելավման վերաբերյալ:
Հետևություններ անելով՝ Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը նշանակեց արտահերթ ընտրություններ: Այդ ընթացքում պահպանողականները վերակազմակերպվեցին և հաղթանակ տարան ընտրություններում: Ինչպես 19-րդ դարում էին ասում. «Փարիզն իրականացրեց հեղափոխություն, իսկ գավառներն իրականացրին հակահեղափոխություն»:
Ինչևէ, 60-ականների ուսանողական շարժումները այնպես ցնցեցին ամբողջ աշխարհը և այնպիսի խորը փոփոխություններ բերեցին ԱՄՆ-ից մինչև Եվրոպա և Ասիա, որ պահպանողականներին տասնամյակներ պահանջվեցին այդ շոկը հաղթահարելու համար:
Մշակութային հեղափոխություն (արժեքային հեղափոխություն)
60-ականների շարժումների պատճառներից մեկն էլ համարում են այն, որ համալսարանների մասսայականացման` ուսանողների թվի կտրուկ աճի հետ կապված այլևս կոտրվեց այն վստահությունը, որ բուհի յուրաքանչյուր շրջանավարտ անպայման կարող է դառնալ մտավորական, պետական պաշտոնյա կամ էլ տնտեսության բնագավառի կառավարիչ կամ գործարար: Այդ կերպ ուսանողների պահանջները բուհերից ավելի մեծացան: Սակայն դա լիարժեք կերպով չի բացատրում 60-ականների երևույթը:
Մինչ այդ` 2-րդ աշխարհամարտից հետո կապիտալիզմի ոսկե դարաշրջանում մարդկանց գլխավոր նպատակը համարվում էր սեփական կենսապայմանների բարելավումը (ավտոմեքենայի կամ կենցաղային տեխնիկայի ձեռքբերում, աշխատաժամանակի կրճատում, հանգիստ և այլն)` նյութական բարեկեցությունը: Իսկ 60-ականներին առաջին պլան մղվեցին ոչ նյութական արժեքները` սոցիալական, մշակութային և մտավոր արժեքները: Այդ նոր սերունդը բախվեց բարեկեցության հասած սեփական ծնողների (հիմնականում միջին խավին պատկանող) արժեքային պատկերացումներին և ավանդույթներին: Դրանցից էին աշխատասիրությունը, կարգապահությունը, մեծերի հեղինակության ճանաչումը, աստվածավախությունը և հավատը պետության հանդեպ, այդպիսով խիստ արգելք դնելով ալարկոտության, վայելքների, սեքսուալ ազատության, ինչպես նաև համայնավարական ու սոցիալիստական գաղափարների վրա: Տեղի ունեցած «արժեքային հեղափոխությունը» 60-ականների ուսանողական շարժումներից հետո դրսևորվեց նաև հաջորդած նոր հասարակական շարժումներում (կանանց, բնապահպանական, խաղաղասիրական և այլ շարժումներ):
Ծնողների ավանդական պատկերացումներից ազատվելու պայքարը սկսվել էր դեռևս մինչև 60-ականները, երբ ռոքնռոլի աստղերը (օր. Էլվիս Փրեսլին) համերգների ժամանակ էքստազի էին հասցնում իրենց երկրպագուներին: Ավելի ուշ այդ ալիքը շարունակեցին Բիթլզ և Ռոլինգ Սթոունզ ռոք խմբերը, որոնց ելույթները և երկրպագուների պահելաձևը ապստամբական երիտասարդություն էին խորհրդանշում: 1969թ. ԱՄՆ Վուդսթոք քաղաքում տեղի ունեցավ 400.000-անոց զանգվածային համերգ (Բոբ Դիլանի, Ջոան Բաեզի, Ջո Քոքերի, Ջիմի Հենդրիքսի և մյուսների մասնակցությամբ), որի ընթացքում երկրպագուները ազատ սեր էին գովերգում և բողոքում Վիետնամի պատերազմի և ատոմային ռումբի դեմ: Հետագայում Վուդսթոքը դարձավ մի ամբողջ սերնդի խորհրդանիշ:
Ծնողների ավանդույթները կոտրելը նշանակում էր ազատվել տաբուներից: Տաբուները նշանակում են արգելքներ, որոնք ենթարկեցման և կարգապահ դարձնելու գործիքներ են: Սակայն դրանք ծառայում են նաև ինչ որ «առասպելների» ստեղծմանը: Արևմտյան քրիստոնեական աշխարհի ամենակարևոր տաբուներից մեկը վերաբերվում էր սեռականությանը (սեքսուալությանը): Մինչ այդ կնոջ դերը հիմնականում սահմանափակվում էր երեխա աշխարհ բերելու առաքելությամբ: Մարմնական հաճույքը, որը չի ծառայում մարդկանց բազմացմանը, եկեղեցու համար համարվում էր մեղք աստծո առջև: Այլ կերպ, դա հարձակում էր ամուսնության և ընտանիքի հաստատության վրա, ինչն էլ համարվում էր պետության կամ հասարակության բջիջը:
Եվ այդուհանդերձ, 60-ականները փոխեցին այդ բոլոր պատկերացումները` իհարկե յուրաքանչյուր երկրում տարբեր կերպ և տարբեր չափով: Այդ արտահայտությունները կարելի է տեսնել նաեւ 60-ականների Հայաստանում` ուսանողական բողոքի ակցիաների, ընդվզման այլ ձևերի ու նաև հասարակական-քաղաքական, ճարտարապետության, գրականության, կերպարվեստի, կինեմատոգրաֆիայի, նորաձևության և այլ ոլորտներում: Հետագայում 60-ականների ներկայացուցիչներից շատերը եկան իշխանության և նրանց մի մասը ինչ որ չափով սկսեց հակասել 60-ականների իդեալներին` հիասթափեցնելով շատերին:
Այդպիսով 60-ականների ուսանողական շարժումները ազդեցին արժեքային համակարգի վրա ամբողջ աշխարհում և առաջ բերեցին մշակութային հեղափոխություն: Այդ շարժումները արտացոլում են անհատի ազատությունն ու ինքնադրսևորումը կարևորող մի մշակույթ, որը նոր ազատ տարածություններ բացեց մարդու գործունեության համար:
Դիտվել է 2562 անգամ