2013-ի փետրվարին կեղծված ընտրություններից հետո մարդիկ դուրս եկան փողոցներ այսպիսի լոզունգներով. «Իշխանության կրողը քաղաքացին է», «ՀՀ քաղաքացու ազատագրում», «Ուսանողների ինքնակառավարում», «Մի հավատա մեծերին, հավատա ինքդ քեզ», «Վերջ ժողովրդի շահագործմանը», «Գիտակցված իրավունքը ուժ է», «Հնազանդ չենք, տեր ենք» և այլն։ Նրանց մեջ կարևոր մաս էր կազմում հատկապես ուսանողությունը։ Հայկական բուհերում սովորում են մոտավորապես 100 000 ուսանողներ, որոնց ինքնակազմակերպումը կամ համերաշխությունը արհմիությունների կամ այլ հասարակական խմբերի հետ, կարող էր լուրջ դեր խաղալ հանրային կյանքում։
Ուսանողների մի ստվար զանգված դասադուլ հայտարարեց՝ դրանով իսկ նաև սկիզբ դնելով հայկական բուհերում առկա մտահոգիչ երևույթների բացահայտմանը և լայն քննարկումներին։
Բուհերի ավտորիտար և նահապետական մեթոդներն ու դասադուլը
Դասադուլի առաջին շաբաթները ցույց տվեցին, որ Հայաստանի կրթական և ընդհանրապես կառավարման համակարգը խորը և խիստ վտանգավոր ավտորիտար հատկանիշներ է դրսևորում, որոնք արտահայտվեցին հետևյալ երևույթներով։
Բուհերի կուսակցականացած ղեկավարությունն ու ուսխորհուրդները համատարած խոչընդոտում էին ուսանողների ազատ տեղաշարժին և կամքի ազատ արտահայտությանը՝ փակելով բուհերի դռներն ու դարպասները և օգտագործելով վարչական լծակները։
ՀՀ ոստիկանությունը օրենքի տառին համապատասխան գործելու փոխարեն՝ կողմնակալ կերպով աջակցում էր ուսանողների առաջ խոչընդոտներ ստեղծող և օրինախախտ անձանց։
Բուհական անձնակազմը, բազմաթիվ դասախոսներ և ուսխորհուրդներն իրենց գործողություններով ցուցադրեցին, որ կրթական համակարգում անցանկալի է ազատ ու ինքնուրույն մտածող և քաղաքացիական դիրքորոշում ունեցող ուսանողների գոյությունն ու գործունեությունը՝ հակասելով ՀՀ Սահմանադրության հիմնարար սկզբունքներին։
Ուսանողների հանդեպ ոչ ֆորմալ ճնշումները, ռեպրեսիվ մեխանիզմները, իշխանական համակարգի մոբիլիզացումը ազատ ուսանողների դեմ արդիական է դարձնում ՀՀ կրթական համակարգում դասավանդվող և այն բնութագրող արժեքների և արժեհամակարգի, ինչպես նաև քաղաքական կրթության հարցերը․
ԵՊՀ ռեկտորի օգնականը մոբիլիզացնում է ուսանողների խմբեր, որոնց հրամաննեեր է տալիս որպես զորք դասադուլավորների դեմ հանդես գալու համար.
ԵՊՀ ռեկտորը հարցազրույցի ժամանակ բացատրում է, թե ինչպես պետք է իրեն պահի հայ տղամարդը՝ արդարացնելով իր ենթակաների գործողությունները.
Բուհերի հետադիմականության խորքային պատճառները
Այս բողոքի ալիքի վրա ի հայտ եկած երևույթները կապված են հայկական բուհերի խորքային լուրջ պրոբլեմների հետ: Հիմնական պատճառները հետևյալն են:
Բուհերը դարձել են ավտորիտար և նահապետական կառույցներ, որտեղ ազատ միտքն ու խոսքը տեղ չունեն: Բուհի անձնակազմը ուսանողների հետ շփվում է վարչահրամայական և պարտադրանքի մոտեցումներով՝ մերժելով իրավունքն ու իրավահավասարությունը: Փոխարենը խրախուսվում են միակարծության և վերևներին ենթարկվելու ու հաճոյանալու հատկանիշները:
Ուսանողների ինքնակառավարում փաստացի գոյություն չունի: Բոլոր բուհերի հոգաբարձուների խորհրդի նախագահների պաշտոնները զբաղեցնում են ՀՀԿ պաշտոնյաներ՝ լիովին կուսակցականացնելով բուհերը և դրանք վերածելով կուսակցության կցորդների: ԵՊՀ խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է, ԵՊՄՀ խորհրդի նախագահը Տիգրան Սարգսյանն է, ԵրՃՇԻ-ինը՝ Տարոն Մարգարյանը, Տնտեսագիտական համալսարանինը՝ Հովիկ Աբրահամյանը, Բրյուսովինը՝ Վիգեն Սարգսյանը և այդպես շարունակ:1 Ահա բուհերի կուսակցականացման հիմնական աղբյուրը, ինչը խաթարում է բուհերի ինքնավարության կարևորագույն սկզբունքը:
Ընդ որում, մինչև 2005թ-ը ՀՀ Կառավարությունը և ԿԳՆ մասնակցություն չեն ունեցել պետական բուհերի բարձրագույն ղեկավար խորհրդի աշխատանքներին ու չեն ունեցել ներկայացուցիչներ այնտեղ և խորհուրդների կազմում եղել են միայն բուհի աշխատակիցները և ուսանողները: Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքի ընդունումից հետո (2001թ.) բուհերի զարգացման միտումները փոխվել են և 2005թ-ից սկսած բոլոր պետական բուհերում կառավարությունն ու կրթության նախարարությունը ունեն 50 տոկոս մասնակցություն։2
Բուհերում գոյություն չունի ուսանողների կողմից քաղաքական թեմաների շուրջ ազատ քննարկումներ կազմակերպելու որևէ հնարավորություն: Օտարերկրյա հյուրերի այցելությունների ժամանակ նախորոք պլանավորվում են հանդիպումների մասնակիցները և տրվելիք հարցերը: Ամեն ինչ կանխատեսելի է:
Շատ դասախոսներ կարդում են դեռևս 20-30 տարի առաջ կազմված դասախոսությունների տեքստեր՝ չհանդուրժելով որևէ քննադատական մոտեցում: Որոշ դասախոսներ դասաժամերի ընթացքում քարոզում են հակաժողովրդավարական և ազատ հանրության դեմ ուղղված գաղափարներ և խախտում են ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները: Շատերը որոշիչ կերպով ներազդում են ուսանողների մտածողության վրա՝ ՀՀ Սահմանադրությանը հակասող արժեհամակարգ սերմանելով:
Նկատվում են նաև որոշակի գաղափարախոսություններ քարոզելու, բազմակարծությունը և քաղաքացիական ակտիվությունը մերժելու բազմաթիվ դեպքեր:
Ինչպե՞ս հաղթահարել բուհերի ճգնաժամը
Հայկական բուհերի ինքնավարության սկզբունքի և ուսանողների սահմանադրական իրավունքների իրացման համար կարելի է քննարկել հետևյալ մոտավոր լուծումները.
— բուհերի կուսակցականացումը վերացնելու համար պետք է բուհերի խորհուրդների նախագահներ չլինեն ակտիվ քաղաքական գործիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ և կուսակցականներբոլոր այն նախագահները, քանի որ իրականության մեջ այդ կերպ խախտվում է բուհերի ինքնավարության և ապակուսակցականության սկզբունքները և մինչ օրս կուսակցականացվել ու նեղ շահերի համար օգտագործվել են գրեթե բոլոր ուսանողական խորհուրդները՝ հակադրվելով ուսանողների շահերի պաշտպանության բուն խնդրին,
— վերանայել և փոխել բուհերի կանոնադրությունների բոլոր այն դրույթները, որոնք խոչընդոտում են ուսանողների կողմից ինքնակառավարմանը փաստացի մասնակցությանը, ստեղծել ուսանողական խորհուրդների ընտրության և վերահսկողության իրական մեխանիզմներ,
— բուհերում պետք է հնարավոր լինի քաղաքական թեմաներով բազմակողմանի քննարկումներ կազմակերպել և այդ քննարկումները նախաձեռնելու իրավունք պետք է ունենան ուսանողական բոլոր խմբերը և ուսանողական կազմավորումները՝ չկուսակցականացնելով ուսանողական ներկայացուցչական մարմինները, բայց ներկայացնելով ուսանողների բազմակարծության ողջ ներկապնակը, բուհը պետք է դառնա ազատ խոսքի և մտքի վայր,
— ստուգել, արձանագրել և պատասխանատվության կանչել բուհական ոլորտում և պատասխանատու պաշտոնյաների կողմից ուսանողների օրինական գործողությունների ժամանակ ապօրինություններ կատարած անձանց,
— ստեղծել քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող ուսանողների կամարտահայտության, բազմակարծության և կազմակերպման համար ներբուհական նոր մեխանիզմներ
— բուհերում պետք է ազատ տարածություն ստեղծվի ուսանողների ինքնակազմակերպման ձևերի և ուսման որակի բարձրացմանն ուղղված գործընթացներում նրանց մասնակցության համար:
Բուհերի ինքնավարության սկզբունքը
Վերը նշված իրողությունները խոսում են հայկական բուհերում ինքնավարության սկզբունքի կոպիտ խախտումների մասին։ Բուհերի ինքնավարությունը հանդիսանում է Բոլոնիայի գործընթացի կարևոր սկզբունքներից մեկը։ Բոլոնիայի գործընթացը Եվրոպական բարձրագույն կրթական տարածք ստեղծելու գործընթացն է` հիմնված միջազգային համագործակցության և ակադեմիական փոխանակման վրա:3 Անկախ այս գործընթացի վիճելի կետերից, այն սահմանում է բուհերի անկախության և ակադեմիական մտքի ազատության մի շարք կարևոր սկզբունքներ, որոնք էական դեր են խաղում բուհերի զարգացման համար։
Թերևս, 2013 թվականի ուսանողական ընդվզումն առժամանակ մարեց մասամբ կազմակերպչական կառույցների կամ էլ անհամատեղելի շեշտադրումների, օրինակ՝ ոչ թե իրավագիտակցության, այլ ռազմահայրենասիրական երանգավորումների գերակշռության արդյունքում։ 2013թ․ գարնանը ուսանողների բազմահարյուր երթերի մասնակիցները ավելի ուշ ներգրավվեցին տարբեր քաղաքացիական խմբերում կամ բացօթյա համալսարաններ կազմակերպեցին։ Ըստ երևույթին, ուսանողության լայն ընդվզման համար համախմբման ռեսուրսների ու քաղաքական կրթության մակարդակը դեռևս բավարար չէին, որպեսզի ուսանողությունը հանդես գար սոցիալական ու քաղաքական ինքնուրույն ձևակերպված պահանջներով։
- «Երևանի պետական համալսարան» ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմ, հղումը՝ http://www.ysu.am/userfiles/structure/Council_of_YSU_2013.pdf, 12-ը փետրվարի 2014թ․։
- «ԲՈՒՀ-երի ինքնավարության զարգացումը» հետազոտություն, ՄԻԺԻ ոչ կառավարական կազմակերպություն, Երևան, 2014։
- Բոլոնիայի գործընթաց, հղումը՝ http://www.tempus.am, 13-ը հունվարի 2014թ․, տես նաև՝ Որակի ապահովման չափորոշիչներ և ուղենիշներ, հղումը՝ http://www.ond.vlaanderen.be/hogeronderwijs/bologna/documents/Standards-and-Guidelines-for-QA.pdf ։
Դիտվել է 3195 անգամ