Ուղիղ անմիջական ակցիաներ իրականացնող շարժումների ամենամեծ խնդիրն այն է, որ մենք չգիտենք, ինչպես վարվել մեր հաղթանակների հետ: Բացի այդ, բոլորը գիտեն, որ կառավարությունները, որոնք բախվում են լայն ու հեղափոխական ներուժ ունեցող քաղաքացիական կոալիցիաների հետ, սովորաբար, որպես առաջին քայլ փորձում են պառակտել դրանք: Օրինակ՝ չափավոր մասնակիցներին ինչ որ զիջումների միջոցով են հանգստացնում, իսկ արմատական մասնակիցներին փորձում են քրեականացնել: Դրան գումարած ԱՄՆ կառավարությունն ունի ևս մեկ լրացուցիչ զենք, ինչը չունեն մյուս կառավարությունները: Դա գլոբալ կայսերական մեքենան է, որը մշտապես պատրաստ է դրսում պատերազմներ մղելու:
2011 թվականին կանադական Adbusters ամսագրի խմբագիր Միկա Ուայթն ինձ խնդրեց մի հոդված գրել այն մասին, թե արդյոք հնարավոր է, որ Եվրոպայում կամ ԱՄՆ-ում այնպիսի հեղափոխական շարժումներ ծագեն, ինչպես դա եղավ Եգիպտոսում: Իմ եգիպտացի ակտիվիստ ընկերուհիներից մեկն ասում էր. «Ամենահետաքրքիրն այն է, որ այնքան երկար ես զբաղվում այդ ամենով, որ ինչ որ պահի մոռանում ես, որ իսկապես հնարավոր է հաղթել: Այդքան տարիներ շարունակ երթեր ու ցույցեր էինք կազմակերպում … Եվ եթե 45 հոգի էր գալիս, հուսալքվում էինք: 300-ի դեպքում արդեն ուրախ էինք: Ու հանկարծ մի օր քո առջև 500 000 հոգի է կանգնած: Երբեմն չես էլ պատկերացնում, որ նման բան հնարավոր է»:
Մուբարաքի կառավարած Եգիպտոսը աշխարհի ամենառեպրեսիվ երկրներից էր: Պետական ապարատն արդյունավետ կերպով աշխատում էր մի ուղղությամբ. որպեսզի տեղի չունենա այն, ինչ տեղի ունեցավ: Եվ այդուհանդերձ դա եղավ: Եվ ինչու դա հնարավոր չէ մեզ մոտ՝ ԱՄՆ-ում: Իհարկե այստեղ խոսքը չէր գնում ռազմական բռնապետություն տապալելու մասին, այլև հիմքից սնվող ժողովրդավարական շարժման ձևավորման մասին, ինչի մասին ակտիվիստներն ավելի քիչ չեն երազում, որքան երկրում իշխանություն ունեցողները սարսափում են դրանից:
Իմ մասնակցությունը US Uncut-ին սկսվեց նրանից, որ մենք մի օր Նյու Յորքում այցելեցինք եգիպտական երիտասարդական շարժման երկու համահիմնադիրների մասնակցությամբ մի միջոցառման: Եգիպտոսում նրանց ֆեյսբուքյան խումբը հեղափոխության ժամանակ վճռորոշ դեր էր կատարել: Պատմում էին հեղափոխության ընթացքի, նրանց բազմաթիվ ձերբակալությունների և փոքրիկ խորամանկությունների մասին, որոնց շնորհիվ նրանք մոլորեցրել էին գաղտնի ոստիկանությանը: «Հատկապես մեծ օգուտ քաղեցինք տաքսիների վարորդների ներգրավումից: Նրանք նույնիսկ տեղյակ էլ չէին իրենց դերի մասին: Բոլորը գիտեն, որ եգիպտացի վարորդները ավանդաբար շատախոս են: Նույնիսկ մի պատմություն կա այն մասին, որ ուղևորներից մեկը խնդրում է վարորդին դադարեցնել շատախոսությունն ու չխոսել, ինչին ի պատասխան եգիպտացի տաքսու վարորդն իջեցնում է ուղևորին՝ ասելով, որ վարելիս խոսելն իր մարդկային իրավունքն է: Այսպիսով, մենք մեծ հավաքներից մեկի առավոտյան, լավ իմանալով, որ ոստիկանությունը փորձելու է ցրել այն, ֆեյսբուքում հայտարարեցինք, որ ժամը երեքին հանդիպելու ենք Թահրիրի հրապարակում: Իհարկե, գիտեինք, որ մեզնից յուրաքանչյուրին հետևում են: Ու ամեն մեկս առավոտյան իննին մի տաքսի վերցրեցինք և վարորդին ասացինք. «Լսել ե՞ք, այսօր երեքին մեծ հավաք է լինելու Թահրիրում»: Եվ իսկապես, մի քանի ժամ անց ամբողջ Քահիրեն գիտեր այդ մասին: Հարյուր հազարավոր մասնակիցներ եկան, մինչ ոստիկանությունը կհասցներ տեղում լինել»:
Եգիպտոսի ապրիլվեցյան շարժումը, ինչպես շուտով պարզ դարձավ, ամենևին էլ արմատական խմբավորում չէր: Օրինակ՝ Ռաշեդն աշխատում էր բանկում: Իրենց դիրքորոշումներով նրանք դասական ազատականներ էին: Այնպես, որ եթե նրանք ԱՄՆ-ում ծնված լինեին, հավանաբար, Օբամայի աջակիցներից կլինեին: Չնայած դրան, նրանց հաջողվել էր ձերբազատվել իրենց ազատական տնօրենների տանիքից, որպեսզի մարքսիստներից ու անարխիստներից բաղկացած մի շատ բազմազան խումբ ստեղծեն, և այժմ էլ համախոհներ գտնեն ամերիկյան նմանատիպ շարժումներում։ «Երբ մեզ վրա արցունքաբեր գազ էին կիրառում, մենք, ուշադիր նայելով, նկատեցինք մի բան: Այդ փամփուշտների վրա գրված էր. «Արտադրված է ԱՄՆ-ում»: Ինչպես ավելի ուշ պարզեցինք, նույնը վերաբերվում էր նաև այն սարքերին, որոնցով մեզ կտտանքների էին ենթարկում ձերբակալությունից հետո: Նման բաները չեն մոռացվում»:
Մենք սկսեցինք խոսել միջազգային քաղաքականության մասին՝ դավադրության տեսությունների և պատմության իրոնիայի մասին: Ռաշեդը ցանկացավ էր ինձ մի քանի տեսանյութեր տալ շարժական կրիչով: Դրանց մի մասը Եգիպտոսի դեպքերի մասին էին, իսկ մյուս մասը՝ սերբական «Օտպոր» ուսանողական խմբերի մասին, որոնք որոշիչ դեր էին ունեցել 2000 թվականին Սերբիայում Միլոշևիչի ոչ բռնի հեռացման գործում: Ռաշեդն ասում էր, որ հատկապես սերբական այդ շարժումն է ոգեշնչել իրենց ապրիլվեցյան շարժումը: «Բայց դուք հավանաբար գիտեք, որ սերբական այդ խմբի հիմնադրմանը նպաստել է ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ)», ասացի ես: Նա ուսերը թոթվեց՝ ցույց տալով, որ իր համար միևնույն է, թե որտեղից է ծագել սերբական «Օտպորը»:
Այն, ինչը, հավանաբար, ոմանք չգիտեն, հետևյալն է: «Օտպորը» և մյուս գունավոր հեղափոխությունների խմբերը ստեղծվեցին այն բանի արդյունքում, որ ամերիկյան ԿՀՎ-ն այդ բոլոր մոտեցումները սովորեց մեզնից՝ ամերիկյան քաղաքացիական շարժումներից՝ մանրամասն ծանոթանալով Գլոբալ արդարության շարժման մարդկանց գործունեությանը: Այդ հնարքներից շատերը մենք էինք հորինել կամ էլ գոնե պրակտիկայում կիրառել: Ըստ երևույթին, կայսրության համար նոր դարի շեմին Սիեթլում տեղի ունեցած Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաժողովի դեմ հակագլոբալիստների ուժգին բողոքի ակցիաներից հետո ի հայտ էր եկել նոր վտանգ: Եվ ահա, թե՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ-ում բոլոր միջազգային ոստիկանական և հետախուզական ուժերը սկսեցին ուշադիր հետևել մեզ՝ այդ ծագող վտանգը չեզոքացնելու համար: Պատճառներից մեկն էլ հենց դա էր, թե ինչու նրանք այդքան քիչ էին զբաղվում Բին Լադենով: Նրանք մեզ՝ ոչ բռնի պայքար մղող հակակապիտալիստներիս մեջ ավելի մեծ վտանգ էին տեսնում: Նրանք նաև տեսան, որ ապակենտրոն անմիջական ժողովրդավարությունը, ոչ բռնի քաղաքացիական անհնազանդությունը պրակտիկայում իսկապես աշխատում են: Եվ հավանաբար ԿՀՎ-ում ինչ որ մարդիկ մտածեցին, թե ինչո՞ւ իրենք էլ չօգտագործեն այդ մեթոդները: Նույն կերպ, ինչպես նրանք 80-ականներին բոլոր ջանքերը կենտրոնացրել էին 60-ականների ապստամբական շարժումները չեզոքացնելու ուղղությամբ: Այդպես, ուսումնասիրելով պարտիզանական պայքարի ձևերը, այնուհետև ձևավորեցին սեփական պարտիզանական ուժեր, ինչպիսիք էին Կոնտրաս ուժերը Լատինական Ամերիկայում:
Ինչ եմ ցանկանում ասել: Սկսեցին փորձել ոչ բռնի պայքարի այդ մեթոդները սովորեցնել ռեժիմներին հակադրվող ակտիվիստական խմբերին, իհարկե այն դեպքերում, երբ այդ ռեժիմների տապալման նպատակ էր դրված: Օրինակ՝ Սերբիայում, Վրաստանում և նույնիսկ Վենեսուելայում, որտեղ դա արդյունք չտվեց: Սա պատմության իրոնիայի տիպիկ դրսևորում է: Երբ նման բաները դուրս են գալիս աշխարհ, այլևս անհնար է իսկապես վերահսկել, թե ում կհասնեն դրանք:
Հատվածներ՝ «Օքյուփայի ներսում» գրքից (թարգմանված է կրճատումներով)
Դեյվիդ Գրեբերը, ծնված 1961 թվականին, հայտնի ամերիկացի ակտիվիստ է: Նա նաև հանդիսանում է Industrial Workers of the World արհմիության անդամ: Մինչև 2007 թվականի հունիսը Գրեբերը ազգագրության պրոֆեսոր էր Յեյլի համալսարանում, որտեղ վիճելի որոշում կայացվեց՝ նրա պայմանագիրը չերկարացնելու մասին: Այժմ նա դասավանդում է Լոնդոնի համալսարանի Գոլդսմիթ քոլեջում: Դեյվիդ Գրեբերը Օքյուփայ շարժման նախաձեռնողներից մեկն է: Հեղինակի կարևոր գրքերն են. «Իշխանությունից ազատ», «Պարտք» և այլն:
Դիտվել է 526 անգամ