2013 թվականն աչքի ընկավ Հայաստանում առաջին անգամ ի հայտ եկած սոցիալական շարժումներով։ Դրանցից իրենց ընգրկումով ամենաազդեցիկները տրանսպորտի գնի բարձրացման դեմ շարժումն էր,1 ինչպես նաև միջինից բարձր եկամուտ ստացող խավի ընդվզումը կենսաթոշակային բարեփոխման պատճառով եկամուտների կրճատման դեմ։2
Ի տարբերություն նախորդ քաղաքացիական ինքնակազմակերպման փորձերի (Թռչկան, Մաշտոցի պուրակ, Թեղուտ և այլն)` սրանք առանձանում են նրանով, որ մասնակցող քաղաքացիներն իրացրեցին իրենց սոցիալական իրավունքը, օրինակ, սակագնի չափը որոշելու, հարկի տոկոսադրույքը սահմանելու և նման այլ հարցերում։ Այս հանգամանքը խոսում է հանրային գիտակցության մեջ ռացիոնալ մտածողության արմատավորման մասին։ Ինչո՞ւ ռացիոնալ։ Քանի որ քաղաքացիները նախ չեն ցանկանում վճարել ավելին, քան անհրաժեշտ է և, բացի այդ, հարց է առաջանում, արդյոք բոլոր խավերն են մասնակցում նման որոշումների կայացմանն ու ֆինանսավորմանը։ Այստեղ համադրվում են շահը, իրավունքն ու արդարության զգացումը: Դրանով այս երկու շարժումները, որքան ռացիոնալ մտածողության, այնքան էլ իրավագիտակցության և սոցիալական արդարության գիտակցության արդյունք են։
Դրանց սոցիալական բնույթն, ըստ էության, կարևոր է այնքանով, որ պատմության մեջ իրավունքի կենսագործման գրեթե բոլոր նախադեպերը սոցիալական շարժումների արդյունքում են տեղի ունեցել։ Դա վերաբերվում է ընտրական իրավունքին, կանանց իրավունքներին, աշխատանքային իրավունքներին ու նաև 60-ականների մշակութային հեղափոխությանը և այլն։ Մեր դեպքում, կառավարող վարչակազմի հակասոցիալական բնույթը նույնպես ենթադրում է դրա հաղթահարմանն ուղղված համակարգային կամ զանգվածային դիմադրության ձևեր։
Հայաստանում մինչև հիմա «սոցիալականը» կապ չի ունեցել «քաղաքականի» հետ։ Գոնե գիտակցական և կիրառական մակարդակում։ Հանրության կազմակերպական կառույցների ոլորտում գործել են մի կողմից հասարակական միավորումներ՝ իրենց վերացական հռետորաբանությամբ, իսկ մյուս կողմից էլ կոնկրետ անձանց կամ խմբերի նեղ անձնական և մանր ու մեծ բիզնես շահերը, որոնք այլ ճանապարհ են հարթել իրենց համար։ Բացակայել է այն միջին կամ կապող շերտը, որն իր քաղաքական մասնակցությամբ կարող էր ձևավորել հանրային կյանքի կազմակերպման համերաշխության հենասյունը։ Դա գլխավորապես միջին շերտի քաղաքական գործառույթն է։ Քաղաքացիական շարժումների վերելքով այժմ հանրությունը կոչված է ինքնուրույն ձևակերպելու սոցիալական հարցադրումներ:
Պատահական չէ, որ քաղաքական մասնակցությունն ուղիղ համեմատական է տվյալ խավի եկամուտների հետ։ Սակայն պարտադիր պայման է նաև քաղաքական հետաքրքրվածությունն ու ինչ որ բան փոխելու ցանկությունը։ Մի ստվար միջին խավ գուցե և եղել է, ըստ սեփական ֆինանսական եկամուտների չափանիշի, սակայն, ինչպես ցույց է տալիս կուտակային համակարգի դեմ դուրս եկածների քայլի եզակիությունը, այդ խավը երբևէ կազմակերպչական կառույցներ չի ունեցել և սեփական շահերը չի ներկայացրել։ Այդ կառույցներից ամենաարդյունավետը կարող էին լինել արհմիությունները, սակայն դրանց կայացմանն առայժմ խոչընդոտում են մի շարք գործոններ, որոնց կանդրադառնանք ստորև:3
Թերևս, նշված երկու շարժումները մոբիլիզացրել են հանրության երկու տարբեր խավերի։ Եթե առաջին դեպքում դա վերաբերվում էր ուսանողությանը, սահմանափակ եկամուտ ունեցող աշխատողներին, պետական ծառայողներին և այլ շրջանակներին, ապա կենսաթոշակայինի դեպքում խոսքը գնում է համեմատաբար բարձր եկամուտ ունեցող խավի մասին։ Դրանցից առաջինը բավականին արագ անցավ քաղաքացիական անհնազանդության գործողությունների և գրեթե մեկ շաբաթում հաջողության հասավ։ Երկրորդ դեպքում կարծես թե մոտեցումներն ավելի պահպանողական են, սակայն հետաքրքիր է, թե ինչպիսի ստեղծագործական ձևեր կընտրի այն հետագայում։
Այս գործընթացները վկայում են, որ մեծանում է սոցիալական ոլորտը, գնալով ավելի ռացիոնալ տեսք են ստանում հանրության ներսում գործող սոցիալական փոխհարաբերությունները։ Եթե մինչ այժմ նման հարցերը լուծվում էին գործատուի և կառավարության ներքին պայմանավորվածությունների միջոցով, ապա այժմ առաջացել է ինքնավար միությունների ստեղծման անհրաժեշտությունը: Այդ միությունների ինքնավարության կամ անկախության հարցն ամենակարևորն է, քանի որ սովորաբար գործատուներն այնքան էլ շահագրգռված չեն սեփական աշխատողների ինքնուրույն կազմակերպությունների գոյությամբ և փորձելու են դրանք տեղավորել իրենց ֆիրմայի համապատասխան բաժնի տրամաբանության մեջ: Դա կլինի մինչև այն պահը, երբ գործատուն կհասկանա աշխատողների ինքնուրույն ձայնի և անկախության շահեկանությունը: Ըստ էության, եթե որոշ գործատուներ խոստանում են իրենց վրա վերցնել կենսաթոշակային ռեֆորմի հարկային բեռը, ապա հնարավոր է, որ այն հետագայում ֆինանսական մեծ բեռ դառնա տվյալ ընկերության համար: Փաստորեն, ֆինանսական այդ լարվածությունը կպահպանվի, անկախ այն բանից, թե այն պետության, գործատուի, թե աշխատողի ուսերին է մնալու: Արդյունքում, շահերի բախումն ավելի է սրվում: Հենց այս բախումն ու լարվածությունն է առաջացնում անհրաժեշտություն, որպեսզի կոնֆլիկտը լուծվի ինքնուրույն բանակցող կողմերի միջև:
Այդպիսով, ինքնակազմակերպման ձևերը վճռորոշ են սեփական շահերն արդյունավետ իրացնելու համար: Ցածր կամ որևէ քաղաքական ներկայացվածություն չունեցող շերտերն ամենախոցելին և ամենաապաքաղաքականացվածն են։ Վերջին շրջանում այս խոցելի խավը հաճախ է օգտագործվում օլիգարխիկ շրջանակների կողմից` նրանց չներկայացվածությունը փոխարինելով պատվիրված ակցիաների կազմակերպմամբ։ Սովորաբար ցածր կրթական մակարդակ ունեցող շերտերը հեռու են լինում քաղաքականությունից, իսկ այս նշված առանձնահատուկ դեպքում, փաստացի, գործ ունենք վարձու աշխատողներին որպես գործիք օգտագործելու հետ:
Սոցիալական շահերի շուրջ ինքնակազմակերպումն ուղղակիորեն ազդում է հանրության քաղաքական ինքնաիդենտիֆիկացման վրա։ Երբ քաղաքական վարք չդրսևորող անհատները սկսում են իրենց իդենտիֆիկացնել ինչ որ սոցիալական խնդրի հետ, կամ օրինակ` բակային զբաղմունքի ավանդական ձևերին փոխարինում են թռուցիկներն ու պլակատները, ժողովներն ու հարցադրումները, ապա անհատն այստեղ ավելի շուտ սկսում է գործել որպես սոցիալական էակ։ Քաղաքացու կողմից սոցիալական պահանջների ձևակերպումը նաև քաղաքական հասունացման նախանշան է: Դա թույլ է տալիս կառավարող վարչակազմի վերացական խոսքին ի պատասխան առաջ քաշել առարկայական և նյութական հարցադրումներ:
Նշված խավերի պարտադրված, թե կամավոր սոցիալականացումը հանգեցնում է նրանց ներգրավմանը գործող հասարակարգի մասին հանրային քննարկումներին: Տեղի է ունենում նոր շերտերի հանրայնացում, և դրանով իսկ քաղաքականացում: Այն պահին, երբ առաջին սոցիալական շարժումը նաև ինստիտուցիոնալ ձև կստանա և կարձանագրի համակարգային էական հաջողություն, այն ձեռք կբերի նաև քաղաքական նշանակություն և, դրանով իսկ, կարող է դառնալ իր բնույթով քաղաքական:
…………
- «Վճարում ենք 100 դրամ». Պահանջներ, http://www.lragir.am/index/arm/0/right/view/85923, 22-ը դեկտեմբերի, 2013թ.:
- Դեմ եմ ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, http://dem.am, 22-ը դեկտեմբերի, 2013թ.:
- «Ձուկը նաև պոչից է հոտում. Արհմիությունները Հայաստանում խնդրողի դերում են», http://www.aysor.am/am/news/2013/10/24/sargsyan-nazaretyan/, 26-ը դեկտեմբերի, 2013 թ.:
Վահրամ Սողոմոնյանը, ծնված 1977 թվականին, ավարտել է ԵՊՀ գերմաներենի բաժինը: 2007թ. պաշտպանել է քաղաքագիտական դոկտորական աշխատանք Մարբուրգի Ֆիլիպս համալսարանում: Գրել է գիտական աշխատանքներ ինտեգրացիոն գործընթացների, արժեհամակարգային հարցերի և Արցախյան հիմնախնդրի մասին: Մասնակցել է մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների:
Դիտվել է 722 անգամ