Թե ինչ է «գողականն» ինքին, ինձ քիչ է հետաքրքրում, որովհետև ինչպես ամեն երկրում, այնպես էլ Հայաստանում բնական է, որ պետք է լինի կրիմինալ: «Գողական» բառն էլ առօրեական հայերենում նշանակում է հանցավոր խմբակի անդամ: «Գողական» կոչվող հանցավոր խմբավորումները, որոնք Հայաստանում արմատավորվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ մեր օրերում լիովին մեկուսացած չեն հասարակությունից: Հաճախ կարելի է թաղային կամ բակային միջավայրերում, հատկապես երիտասարդ տղաների առօրեա խոսակցություններում լսել այսպես ասած՝ գողական ոճի տարածվածության մասին: Նույնիսկ ԵՊՀ ուսանողության միջավայրում, որտեղ ես դասավանդում եմ, հաճախ կարելի է հանդիպել մի երևույթի, որը չնայած ինքնին կրիմինալ չէ, բայց ոճականորեն հարում է գողականին: Խոսքը վերաբերում է հատկապես միջանձնային և ներխմբային հարաբերությունների կազմակերպման, կոնֆլիկտների ու վեճերի կարգավորման ավանդույթներին ու նորմերին և «տղամարդկային աշխարհում» հեղինակությունների համակարգի ձևավորմանը:
Օրեր առաջ ԵՊՀ ամբիոնի վարիչներից մեկն ինձ պատմում էր մի միջադեպի մասին, երբ պատմության ֆակուլտետի միջանցքում ծխող երիտասարդներին նկատողություն անելուց հետո իր և այդ տղաների միջև վեճ էր ծագել: Տղաները փորձել էին նրա հետ այսպես ասած «տղավարի» հարցը քննարկել՝ դիմելով նրան «հոպար, ի՞նչ հարց կա որ» արտահայտությունով: Միջադեպը կարող էր վերածվել ծեծկռտուքի, եթե դասախոսը զիջող չլիներ: Հիշեցնեմ, որ ասածս տեղի է ունեցել ոչ թե փողոցում, այլ համալսարանում՝ ուսանողների և ամբիոններից մեկի վարիչի միջև: Նման մի բան նույն օրը պատահեց իմ աչքի առջև՝ այս անգամ մեկ այլ դասախոսի ու միջանցքում ծխող մեկ այլ ուսանողի միջև:
Աշնանը, երբ եղանակները դեռ տաք էին, մի օր ուշադրությունս գրավեց առաջին կամ երկրորդ դասարանցի փոքրիկների աղմուկը: Տղաներ էին վիճաբանում և մեկը մյուսին հարցնում էր. «քո ասածի համար օտչյոտ կարաս տաս», մյուսն էլ այդ ոճի մեջ պատասխան տվեց և սկսեցին իրար քաշքշել: Մի քանի օր առաջ էլ թաղամասում քառասունն անց տղամարդիկ էին վիճում նորից նույն ոճի ու բառերի շրջագծում:
Օրեր առաջ Բաղրամյան փողոցի՝ օպերային հարող հատվածում կարգը պահպանող մի երիտասարդ ոստիկան փողոցը կարմիր լույսի տակով անցած երիտասարդին դիմեց բառացիորեն հետևյալ խոսքերով. «Ախպեր, հորս արև, մի հատ տղավարի ըստեղ արի բան ասեմ»: Տղան մոտեցավ, և խոսակցությունը շարունակվեց նույն ոգով ու նույն ոճի մեջ: Ի դեպ, վերջին շրջանում բավական հաճախ եմ Երևանի փողոցներում հանդիպել գողական սլենգով երիտասարդների հետ հարցեր պարզաբանող ոստիկանների: Տպավորությունն այն է, որ Երևանում ոստիկանները սկսել են զանգվածաբար «գողական գնալ»:
Նույնը կարելի է լսել նաև բանակի մասին: Վերջին շրջանում բանակում կատարված հերթական սպանության առիթով ելույթ ունեցող փաստաբաններից մեկը խոսում էր ոչ միայն զինվորների, այլ նույնիսկ բանակի սպայակազմի մեջ գողականության տարածվածության մասին:
Այս ամենից հետո հարց է առաջանում՝ Համալսարանում սովորող երիտասարդները գողակա՞ն են, թե՞ ոչ: Կամ իմ թաղից տղամարդիկ, հիշատակածս դպրոցահասակ երեխաները, բանակի սպան կամ երիտասարդ տարիքի ոստիկանը գողակա՞ն են, թե՞ ոչ: Ակնհայտ է, որ ոչ: Գողական լինելու համար նրանք պետք է հանցագործ աշխարհին պատկանեին: Բայց նրանք հանցագործներ չեն: Նրանք ուսանողներ են, բանակի սպա կամ ոստիկանության սերժանտ, պարապ սարապ՝ թաղում քարշ եկող տղամարդ կամ տղամարդկանց աշխարհի նորմերը յուրացնող դպրոցական տղա: Սակայն նրանք բոլորն էլ իրենց հարաբերությունները կառուցում են հանցագործ աշխարհին բնորոշ վարքի ու հաղորդակցության նորմերով: Եվ կյանքում մեր առնչությունն այս երևույթին, որն առօրեա խոսքում հայտնի է որպես «գողական», վերաբերում է ոչ այնքան բուն կրիմինալին, այլ՝ այդ կրիմինալը հասարակական տարբեր միջավայրերում լեգիտիմացնող, այսինքն ճանաչելի ու ընդունելի դարձնող տղամարդկային տարբեր խմբերին:
Այն, որ Հայաստանի հասարակությունը լեգիտիմացնում է գողական վարքն ու բարքը հանրային կյանքում, հենց դա է որ մեր կյանքը վերածում է միաչափ ու դժգույն մի իրականության, որտեղ մարդկային հարաբերությունները ստորադասված են հանցավորին, որտեղ սովորական մարդիկ իրենց փոխհարաբերությունները կառուցում են գողականով, իսկ հարգված տղաներն էլ գլխավորապես այսպես կոչված «նստած-հելածներն» են: Հիշում եմ, մի անգամ դասախոսություններից մեկի ժամանակ տղաներից մեկն անկեղծորեն զարմացավ, երբ հեղինակություն բառը օգտագործեցի նշանավոր գիտնականին բնութագրելու համար: Նրա համար հեղինակությունը նույնացվում էր բացառապես հանցավոր աշխարհի հեղինակության հետ:
Մեր թաղամասում մի անհաջող ընտանիք կար: Ընտանիքի հայրը հաճախ էր այս կամ այն բանի համար բանտ ընկնում: Նրա տղան նույնիսկ պարծենում էր, որ իր հայրը մի քանի անգամ դատված է: Դա մեր թաղային պատրիարխալ համայնքում տղամարդկությունը շեշտող բան էր համարվում: Այդ տղան, ով ինձ հետ նույն դպրոցում էր սովորում, մի օր ինձ ու ընկերոջս գողականության դասընթացներ էր անցկացնում «ճիշտ» հարցերի ու պատասխանների միջոցով: Մինչև օրս տպավորվել է դրանցից մեկը, որն այն ժամանակ իմ դաստիարակության ու արժեքների համակարգում ոչ մի կերպ չէր տեղավորվում ու այդ պատճառով էլ մեր այդ թաղեցի տղայի ասածներից բան չէի հասկանում: Մի անգամ նա հարցրեց՝ «դու գո՞ղ ես, թե՞ չէ»: Բնական է՝ պատասխանեցի, որ ոչ: «Չէ, այդպես չի կարելի: Դու պետք է ասես, որ գող չես, բայց գողին հարգող ես», — խրատեց ինձ բանտերից տուն չեկող հոր դասերը սերտած այդ տղան: Ես այդ պատասխանը այդպես էլ չյուրացրեցի, քանի որ ոչ մի կերպ չէի հասկանում թե ինչու պետք է ստեմ, թե իբր՝ գողին հարգող եմ: Դաստիարակությանս համաձայն՝ իմ արժեհամակարգում գողերն ամենաստոր մարդիկ են, հասարակության թափթփուկները: Բայց արի ու տես, որ ծնողներս ու կարդացածս գրքերը մի բան էին ասում, իսկ փողոցի իմ ընկերները՝ լրիվ հակառակը: Գողը, «նստած հելած» տղեն, հատկապես մարդ խփածը (այսինքն՝ դանակահարածը) գլխավորապես ազգարյունակցական ու դրացիական համայնքի ավանդութներով ապրող մեր հասարակական միջավայրում հարգված հեղինակություններն են: Եվ այդ ամենը քարոզվում էր թաղի, բակի, հարևանության, շենքի ազդեցիկ տղամարդկանց կողմից, ովքեր հայտնվում էին թաղային հանցագործների հիերարխիկ կառույցի ազդեցության դաշտում ու հետո ուժային ու ճնշման այլ մեթոդներով ստիպում, որ թաղային տղաները՝ սկսած դեռահասներից, վերջացրած միջահասակներով ու նույնիսկ տարեցներով, հարգանքով մոտենային բանտային կյանք անցած հանցավոր աշխարհի հեղինակություններին:
Արդեն խորհրդային տարիներին Երևանի քաղաքային կյանքում դրանք բավական ազդեցիկ դերակատարում ստացան, ու ներկայումս էլ այն շարունակվում է, քանի որ հաջողությամբ միաձուլվել է հայկական ազգարյունակցական ու դրացիական համայնքների առօրեան պայմանավորող պատրիարխալ նորմերին ու ավանդույթներին ու, տղամարդկային աշխարհի կողմից լեգիտիմացվելով, ձեռք բերել հասարակական կյանքի կարգավորիչի գործառույթ:
Պատկերավոր ասած՝ այսօրվա հայ տղամարդկանց մի զգալի մասը, ինչպես իմ թաղեցի տղան էր ասում, գող չէ, բայց գողին հարգող է: Սա նշանակում է, որ հարևանական ու ազգակցական համայնքային կյանքում իրեն հարգող և այլոց կողմից հարգանքի հավակնող հայ տղամարդը, ով հանցավոր աշխարհի անդամ չէ, պետք է հարգի հանցավոր աշխարհի հեղինակություններին և նորմերը, որի հիմքը կազմում է հանցավոր աշխարհի այսպես ասած «ճիշտը», որ կազմակերպվում ու կարգավորվում է հարաբերությունները հանցավոր աշխարհում, հետո նաև՝ տարածվում, լեգիտիմացվում ու ճանաչելի են դառնում հասարակությունում:
Այս առումով անցումային փուլում գտնվող մեր հասարակության համար ավելի մեծ վտանգ են ներկայացնում ոչ այնքան բուն հանցավոր խմբավորումները, որքան հանցավորը սոցիալականացնելու ու հասարակայնորեն լեգիտիմ, ընդունելի ու վերարտադրելի դարձնող ավանդույթներն ու նորմերը: Իսկ քանի որ այդպիսի միջավայրերի են վերածվել ինչպես Երևանի, այնպես էլ մարզային քաղաքների ու նույնիսկ, որոշ վկայություններով, մի շարք գյուղերի ազգակցական, հարևանական, բակային ու թաղային համայնքները, բանակը, ուսանողական միջավայրերը, ապա կարելի է խոսել նշածս արատի հասարակական լայն տարածվածության և հասարակական առօրեայում ձեռք բերած առանցքային դերակատարության մասին:
Աշխարհում չկան հանցավոր երևույթներից բացարձակ զերծ հասարակություններ: Սակայն նման երևույթների առկայությունը դառնում է վտանգավոր, երբ հասարակությունում հանցավորի ու հանցագործության ընկալման ու ինտերպրետացման կոդերը ծառայում են ոչ թե դրա սահմանափակմանը, այլ՝ հակառակը, նպաստում են դրա հասարակայնորեն լեգիտիմացմանը: Այն հասարակական միջավայրերն ու անհատները, որոնք դրա ազդեցության դաշտում չեն, դուրս են նաև ավանդույթի ազդեցության շրջագծից և աչքի են ընկնում անձնական ու հասարակական փոխհարաբերությունների ընկալման ու ինտերպրետացման արդիական մոտեցումներով, ինչից էլ կարելի է ենթադրել, որ առօրեականության արդիականացումը հանցավորության հասարակական լեգիտիմացման՝ ներկայիս արատավոր իրողության հաղթահարման հիմնական ուղիներից մեկն է: Պատահական չէ, որ արդիական ու նորաոճ դրսևումները հասարակական ու հատկապես թաղային միջավայրերում հանդիպում են հենց հանցավորը լեգիտիմացնող հասարակական ավանդույթն իրացնողների հակադրությանը:
Հոդվածն առաջին անգամ հրապարակվել է Armenian Times Journal կայքէջում:
Աղասի Թադևոսյանը, ծնված 1966 թվականին, ավարտել է Երևանի պետական Համալսարանի պատմության ֆակուլտետը: Մասնագիտությամբ մշակութային մարդաբան է, պատմական գիտությունների թեկնածու: Զբաղվում է Հետխորհրդային Հայաստանի հասարակական ու մշակութային հիմնախնդիրների ուսումնասիրությամբ: Գիտական հետազոտությունների շրջագիծն ընդգրկում է նաև Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացները: Ունի հրապարակած 11 մենագրութjուն, ավելի քան 40 գիտական հոդվածներ տեղական ու միջազգային գիտական հանդեսներում:
Դիտվել է 1106 անգամ