Դիմադրության ու համերաշխության մշակույթի խթանումը
Շարժում կազմավորելը պարզ գործ չէ: Բազմաթիվ են շարժման վերահսկողությունից վեր գտնվող գործոնները, սայթաքելու հնարավորությունները, անհայտները: Ուսուցողական ձեռնարկ էլ չկա: Հաճախ չկա անգամ հստակ պատկերացում այն մասին, թե ինչ պիտի ստացվի վերջում:
Այս առումով որևէ շարժման երկարաժամկետ հաջողությունը մեծապես կախված է նրանից, թե որքանով այն ունակ կլինի ինքնավերլուծության և «փրաքսիսի»՝ տեսության և գործնականի համատեղմանը: Այն, ինչի ականատեսն ենք այսօր Երևանում, իր նախադեպը չունի: Անթերի չէ, բայց ոչինչ, լավ է: Ինչ-որ բաներ ստացվեցին ու վատ չստացվեցին: Մեկ շաբաթից էլ քիչ տևած պայքարում ուղեվարձի թանկացումը կասեցվեց (թող և ժամանակավոր): Բայց սա ոչ թե շարժման ծնունդ է, այլ ավելի կարևոր բան. սա շարժման հասունացման գործընթաց է:
Իր կատարած ամեն քայլով այս շարժումը դառնում է ավելի փորձառու ու ավելի ինքնավստահ: Տրանսպորտի վարձավճարի 50% թանկացումը կասեցնելու ֆոնին տեսնում ենք, թե ինչպես են ուրվագծեր ստանում կազմակերպվելու և շարժում ձևավորելու նոր ձևեր: Դրանով իսկ կազմավորվում է դիմադրության ու համերաշխության մշակույթ, որոնք համակարգային սոցիալական փոփոխության հիմնաքարերն են: Վերջին հաղթանակի լույսի ներքո միանգամայն տեղին է թվում ինքնավերլուծությունը:
Այսօրվա շարժումը առանձնանում է իր յուրահատուկ հատկանիշներով: Այն չունի միանձնյա առաջնորդ կամ ղեկավարող կազմակերպություն: Այս հանգամանքն, անշուշտ, կարելի է համարել և՛ առավելություն, և՛ սահմանափակում, սակայն անհերքելի է առնվազն, որ այն իրավունքի զգացումով զինող և հզորացմանան անփոխարինելի աղբյուր է: Ամեն մեկն առաջնորդ է, ամեն մեկը հետևորդ է, և այս երկու դերերի համատեղումից բխում է կրկնակի պատասխանատվություն: Եվ որ ավելի կարևոր է, սա ամրապնդում է այն գաղափարը, որ այսօրվա Հայաստանի խնդիրների լուծման համար պետք չէ փրկիչ քաղաքական գործչի սպասել կամ կույր կողմնակալությամբ հետևել որևէ ուժի: Լուծումը հավաքական կամքն է՝ նախաձեռնելու, ոտքի կանգնելու և առերեսվելու անարդարությանը, ինչ-որ նոր բան փորձելու:
Այս իմաստով միայն մասնակցությունն այսօրվա շարժմանը արդեն գործոն է ավելի ուժեղ քաղաքացիություն ձևավորելու համար: Այն ծառայում է որպես ուսուցողական հարթակ քաղաքացի-ակտիվիստների նոր սերնդի համար: Վերջիններից շատերի համար սա առաջին շարժումն է` սեփական մասնակցությամբ: Հաղթանակի համն առնելը նշանակում է, որ շատերը հավանաբար կվերադառնան` հաջորդ փուլին մասնակցելու: Նրանք ավելի փորձառու և, հուսանք, ավելի զորեղ կլինեն, քան էին, երբ միանում էին այս մեկին:
Շարժումը նորարարական է իր կառուցվածքով. այն համադրում է դրսից վերցված տեխնիկաներ և իրապես «տեղական արտադրության» լուծումներ: Այն ոչ ֆորմալ խմբերի ազատ, ճկուն կերպով համակարգվող ցանց է, ուր մարդկանց միավորում են արժեքներ, գաղափարներ, նպատակներ ու պահանջներ և ոչ թե կազմակերպություններ: Այն գործում է և՛ օնլայն, և՛ օֆլայն տիրույթներում: Ցրված լինելով մի շարք ֆեյսբուքյան խմբերով ու էջերով մեկ, ուր անվերջ քննարկվում են մարտավարություններ ու ռազմավարություններ` այն միաժամանակ տեսանելի է քաղաքով մեկ իրականացվող ակցիաների, ինչպես նաև ամեն երեկո Մաշտոցի պուրակում «Օքյուփայ»-ի ոգով արվող ընդհանուր հավաքների ձևով:
Ընդ որում, ի տարբերություն «Օքյուփայ»-ի և ի պատիվ մեր ակտիվիստների` շարժումն այս դեպքում ինքնանպատակ չէ: Այն «իրազեկվածությունը բարձրացնելու» կամ «սրբազան պատերազմի» համար չէ: Այն ուղղված է միանգամայն շոշափելի և կոնկրետ բաների հասնելուն: Այսպիսի կառուցվածքի շնորհիվ շարժումը նպաստում է այնպիսի նոր արժեքների ձևավորմանը, ինչպիսիք են հորիզոնականությունը, ձայների հավասարությունը և ինքնակազմակերպումը: Այլ կերպ ասած` սրանք են խաղի կանոնները, և այլ կերպ խաղալ չի կարելի: Ցանկացած մեկն, ով կփորձի խաղալ այլ կանոններով, միանգամից որակվում է որպես սադրիչ և վտարվում: Առաջին հայացքից սա խիստ կոշտ մոտեցում կարող է թվալ, բայց ներկայիս հայկական իրականության մեջ, ուր և՛ պետության կողմից ներդրված, և՛ մասնավոր շահեր հետապնդող բազմաթիվ սադրիչներ կան, հենց այս մեխանիզմի շնորհիվ բավականին էֆեկտիվ կերպով կանխվել են կոոպտացիայի և սաբոտաժի փորձեր:
Այս շարժումը հիմնված է կոնկրետ խնդրի վրա, հանրության լայն շերտերի շահերի վրա և կողմնորոշված է դեպի նպատակ: Ասվածն ակնհայտ է թվում, սակայն այս երեք գործոնների միաժամանակյա ներկայությունն, ըստ էության, անսովոր և համեմատաբար նոր բան է: Ընդ որում, բուն խնդիրն իր բովանդակությամբ գրեթե երկրորդային է: Իհարկե, Հայաստանում հրատապ խնդիրների պակաս չկա, բայց այստեղ ավելի էական է հենց փաստը, որ շարժումը հիմնված է կոնկրետ խնդրի վրա: Պաոլո Ֆրեյրեի խոսքերով՝ ճանապարհը բացում են քայլելով: Իսկ քայլում են` ամեն անգամ մեկ քայլ դնելով:
Ընդհանուր բնակչությանն առնչվող կոնկրետ խնդրի լուծումը հենց այդպիսի քայլ է: Ի տարբերություն վերջին շրջանի քաղաքացիական մոբիլիզացման մյուս փորձերին` այսօրվա շարժումը վերացական կամ հռետորական բնույթ չունի: Այն ունի նշանակետ և պրագմատիկ է: Հենց սկզբից այն կարողացավ հստակ կերպով ձևակերպել իր նպատակներն ու պահանջները՝ և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ: Ոչ մի պահ վարանում չի եղել այն հարցում, թե ինչին են հետամուտ կամ ինչու: Այսպիսի ընդունակությունը պաշտպանում է շարժումը հնարավոր կոոպտացիայից, ինչպես նաև հանրության շրջանում և մեդիայում հնարավոր շփոթություններից: Բացի այդ, այն ձևավորում է փոխադարձ վստահություն ակտիվիստների միջև: Քանի որ մասնակցությունն ինքնակամ է, ապա միանգամայն իրավացի կլինի ենթադրել, որ շարժման բոլոր մասնակիցները հետամուտ են նույն պահանջներին և առաջնորդվում են միևնույն արժեքներով:
Այս շարժումը ներմուծել է բազմաթիվ նորարարական, մարտավարական հնարքներ: Էլ չկան Ազատության հրապարակի՝ արդեն հնացած ու անարդյունավետ հանրահավաքները: Դրա փոխարեն այժմ Մաշտոցի պուրակն է: Հարթակից դասախոսություններ լսելու փոխարեն մարդիկ հիմա հավաքվում են` քննարկումներ, կրթական դասընթացներ անելու, ոգևորվելու, իրական գործ անելու: Սա ձևավորում է համերաշխության մշակույթ տարբեր, անգամ անհամատեղելի խմբերի միջև, որոնց դաշնակից դառնալը դժվար էր պատկերացնել:
Այստեղ գործընթացը կարևոր է ճիշտ այնքան, որքան արդյունքը: Այս գործում յուրաքանչյուրը փոխլրացնող և մասնակցային սկզբունքով ներդնում է այն, ինչն իր մոտ ամենալավն է ստացվում: Այլ կերպ ասած` շարժումը դառնում է մարդկանց այնպիսի միավորում, որի անդամները լրացնում են միմյանց լավագույնս արված գործը: Սա շահեկան ռազմավարություն է, քանի որ շարժման մասնակիցներին տալիս է տեր լինելու զգացում: Այստեղ է, որ սկսվում է անհաղորդ, ցինիկ հանդիսատեսից ակտիվիստի փոխակերպումը, որովհետև տեր լինելու զգացում ունենալը ձևավորում է արդարացի շահագրգռվածություն արդյունքի հարցում:
Մարտավարությունների այս բազմազանությունը շարժման վառելիքն է: Դրանք ապահովում են ներգրավման բազմակի մակարդակներ, ինչպես նաև շարժում մուտք գործելու տարբեր կետեր մարդկանց տարբեր խմբերի համար: Եթե հետաքրքրություն և ժամանակ ունես, կարող ես երևալ ընդհանուր հավաքներին, միանալ քո շրջակայքում ապրող մյուս մասնակիցներին, որ հետո կազմակերպես տեղական ակցիաներ: Եթե մեքենա ունես, կարող ես մասնակցել «անվճար մեքենա» նախաձեռնությանը՝ համախոհդ դարձած անծանոթներին տուն տանելով: Եթե աշխատանքից ուշացող ուղևոր ես, մասնակցել ես` նոր ուղեվարձը մուծելուց հրաժարվելով: Յուրաքանչյուր մակարդակում կարող ես ցույց տալ դիմադրության քո ձևը: Ի վերջո, պարզ իրողություն է. որքան ավելի շատ մասնակցության ձևեր, այնքան ավելի շատ մասնակիցներ:
Այս շարժումը մարդկանց չի հորդորում կույր հավատ տածել դատարկ խոստումների հանդեպ: Փոխարենը, այն կազմակերպեց այնպիսի քաղաքացիական մասնակցություն, որտեղ մարդը անմիջականորեն ընդդիմանում էր ուղեվարձի թանկացմանը՝ վճարելով նախկին վարձը: Սա միանգամայն իրագործելի հորդոր էր, որը ուղղակիորեն ներգրավեց բոլոր ազդակիրներին, այսինքն՝ նրանց, ում այս խնդիրն առնչվում էր: Հենց միայն բարձրացված ուղեվարձը չվճարելով՝ միջին, հոգսերից կքած և իրավազրկված քաղաքացին միացավ շարժմանը և անմիջապես քաղեց դրա օգուտները:
Ինչպես մի հին ասացվածք է հուշում, «անմիջական գործողությունը բարիքի է հասցնում»: Իսկապես, շարժման ամենամեծ ուժը թերևս անմիջական գործողության արդյունավետ օգտագործումն է: Երբ կողքին նստած ուղևորը ևս հրաժարվում էր ավել վճարել, համերաշխության կապեր էին հաստատվում: Սա նաև նվազեցնում էր դիմադրության «անձնական գինը», քանի որ դրան գնալու ռիսկն արդեն ցրված, բաժանված էր բոլորի միջև: Ի վերջո, երբ ամբողջ ավտոբուսը հրաժարվում էր վճարել, անհատական դիմադրության ռիսկը դառնում էր զրոյական: Այստեղ է, որ սկսում է արմատավորվել դիմադրության մշակույթը: Արդեն հազարավոր ավտոբուսներում բազմաթիվ սովորական քաղաքացիներ ապրել են համատեղ դիմադրության ակնթարթը: Եվ այսպես, ի՞նչ կարելի է անել պայքարի հաջորդ փուլում՝ դիմադրության համատեղ զգացումը շարունակելու համար:
Ինչպես վերը նշվեց, գործընթացն ավելի նման էր շարժման հասունացման, քան ծնունդի: Ծնունդն անցյալ տարի էր, երբ Մաշտոցի պուրակը փրկվեց վաճառակետերի տարածք դառնալուց: Անշուշտ, շատ այլ շարժումներ էին նախորդել Մաշտոցի պուրակին, բայց վերջինիս հաղթանակը առանձնակի էր, հստակ: Անցյալ տարի այդ կանաչ տարածքը փրկելն ինքնանպատակ էր: Այսօր այդ կանաչ տարածքը միջոց է` նոր նպատակի հասնելու համար:
Մաշտոցի պուրակի հաղթանակը մի քանի ուղենիշ ձևավորեց, դարձավ բազմակողմ հաղթանակ, և սա է դրա ռազմավարական կարևորությունը: Անցյալ տարվա հաղթանակը ստեղծեց ազատագրված տարածք` հետագա շարժումների ձևավորման համար, որոնք արդեն բուն պուրակի հետ կապ չունեն: Պուրակն անցյալ տարի պաշտպանող ակտիվիստները կամա թե ակամա դրեցին այսօրվա շարժման հիմքերը՝ համալրելով դրա գործիքաշարը:
Այս շարժումով նախնական քայլեր են արվում վարորդների անկախ արհմիություն հիմնելու ուղղությամբ, ինչը բազմակողմ նպատակի ևս մեկ հիանալի օրինակ է: Նման միությունը ոչ միայն զգալիորեն կբարելավի ավտոբուսների և երթուղային տաքսիների վարորդների կյանքը, այլև կդրդի նրանց էլ ավելի մեծ մասնակցություն ունենալ շարժման մեջ, հատկապես երբ նրանց իրավունքներն են պաշտպանվում: Իսկ որ ամենակարևորն է, կազմակերպված փոխադրող աշխատուժը կարող է աննախադեպ լծակներ ստեղծել հետագա քաղաքացիական մոբիլիզացիաների համար: Որքան ավելի շատ լինեն այն բազմակողմ նպատակները, որոնց այսօրվա շարժումը կկարողանա հասնել, այնքան հնարքներով ու ուժեղ կողմերով ավելի համալրված կլինի նրա զինանոցը պայքարի հաջորդ շրջափուլում, ինչ էլ որ վերջինս լինի:
Անշուշտ, ամեն ինչ չի ստացվում ուզածի պես, բայց ոչինչ: Հենրիկ Նավասարդյանի և Միսակ Համբարձումյանի հրաժարականները պահանջելը ռազմավարական առումով հիմնավոր որոշում է: Այն, որ հանրային պաշտոնյաներին ստիպում են իրենց գործողությունների համար պատասխանատվություն կրել, նշանակում է, որ հաջորդ անգամ սոցիալապես անցանկալի և տնտեսապես անհեռանկարային քաղաքականություններ առաջ տանելիս նրանք մեկի փոխարեն երկու անգամ կմտածեն: Այնուհանդերձ, այս նպատակին հասնելու միջոցը, այն է՝ քաղաքապետարանի առջև անժամկետ նստացույցը, շարժմանն ավելի չի մոտեցրել նպատակին, ինչը հասկանալի է:
Նախ և առաջ, նստացույցն ապահովում է ներգրավման միայն մեկ մակարդակ՝ նպատակին հասնելու համար: Իսկ որքան ավելի քիչ են ներգրավման հնարավոր մակարդակները, այնքան ավելի փոքր թվով մարդ կներգրավվի: Բացի այդ, անհատների պաշտոնազրկումն արդեն հիմնված չէ բուն խնդրի վրա կամ լայն շերտերի վրա: Սա, անշուշտ, չի նսեմացնում արվածի ռազմավարական նշանակությունը: Այնուհանդերձ, սա նշանակում է, որ մինչ որևէ արդյունավետ մարտավարական հնարք կիրառելը, շարժումը ստիպված է հանրությանը իրազեկել«ինչու»-ների և «ինչպես»-ների մասին:
Առանց արդյունավետ մարտավարության արվածի ռազմավարական կարևորությունն այլևս դեր չունի, քանի որ նպատակին հասնելը դառնում է անհավանական: Իսկ շարժումների իրականացման մեջ նպատակներին չհասնելը հազվադեպ է նշանակում ստատուս-քվոյի պահպանում. այն կարող է նշանակել նահանջ, վատնած ռեսուրսներ, կոտրված ոգիներ: Այս հարցում կարող են օգնել այսօրվա շարժման կառուցվածքն ու հիմքում ընկած արժեքները՝ ինքնակազմակերպման շնորհիվ ներմուծելով նոր գաղափարներ:
Այո, շարժումները պարզ բան չեն: Բայց դրանք նաև յուրահատուկ են: Անթիվ նոր ակտիվիստներ սովորել են սեփական իրական փորձի վրա: Նրանք տեսել են, թե ինչ է հաղթանակը: Շատերի կյանքում անցյալ շաբաթվա փորձառությունն իսկապես շրջադարձային է եղել: Այս ընթացքում նաև նոր ընկերություններ են հաստատվել ու հին կարծրատիպեր կոտրվել: Շարժումների կազմավորումը Հայաստանում իր նոր փուլում է, և այլևս հետդարձ չկա: Երևանցիների շրջանում արդեն սկզբնավորած է համերաշխության ու դիմադրության մշակույթը: Որքան ավելի ինքնավերլուծող և նպատակաուղղված դառնա շարժումը և՛ մտածողության, և՛ գործողության մակարդակներում, այնքան այն ավելի արդյունավետ այն կկարողանա այս մշակույթը պահպանել ու վերածել համակարգային սոցիալական փոփոխության:
Հոդվածն առաջին անգամ հրապարակվել է hetq.am կայքէջում. http://hetq.am/arm/news/28405/mtoru
Բաբկեն Տեր-Գրիգորյանը, ծնված 1985 թվականին, ավարտել է UCLA համալսարանի քաղաքագիտության բաժինը: 2011 թվականին ավարտել է Լոնդոնի տնտեսագիտական և քաղաքագիտական դպրոցի քաղաքական տնտեսության մագիստրոսական ծրագիրը: 2008 թվականին աշխատել է Բարակ Օբամայի ԱՄՆ նախագահական ընտրական շտաբում, Ֆլորիդա նահանգում: 2011-ին Բաբկենը ակտիվորեն մասնակցել է #Occupy London շարժման կազմակերպմանը: 2012-ին նա ընմիշտ տեղափոխվել է Հայաստան, ուր շարունակել է իր ակտիվ մասնակցությունը քաղաքացիական շարժումներին:
Դիտվել է 569 անգամ