Այս երկու օրերի ընթացքում տարբեր մեկնաբանություններ եղան Մաշտոցի պուրակում մի քանի հեռուստաընկերությունների նկատմամբ բոյկոտի ակցիայի վերաբերյալ։
Վեր հանված խնդրի բովանդակության հետ անհամաձայնություն կարծես թե չկար․ բոլորը համաձայն են Հայաստանում խոսքի ազատությունը և տեղեկացված լինելու իրավունքը ոտնահարված է, հիմնականում տրադիցիոն կապուղիներով հեռարձակվող լրատվությունը չի ծառայում հանրային շահին, կողմնակալ և ուղղորդված է, պաշպանում և լեգիտիմացնում է բռնության և ապօրինության մշակույթ թելադրող ավտորիտար համակարգը։ Կարծես թե բոլորը նաև համաձայն են, որ հանրությունը իրավունք ունի և պարտավոր է ցուցաբերել վերաբերմունք հանրության շահերը մշտապես անտեսող և մի քանի պաշտոնյաների շահերը սպասարկող ուղղորդված հեռուստաընկերություններին։
Իրականում հակասական մեկնաբանության է արժանացել հեռուստաընկերությունների նկատմամբ դժգոհությունն արտահայտելու մեթոդը։ Հանրությունը մեթոդի վերաբերյալ միանշանակ համաձայնության գալ չի կարող։ Մի մասը կարծում է, որ բոյկոտը հանրային վերաբերմունքի արդարացի դրսևորում է, մյուս մասը գտնում է, որ այն խոչընդոտում է լրագրողի աշխատանքին և հակասում է դեմոկրատական արժեքներին։ Անձամբ ես կարծում եմ, որ թեպետ բոյկոտը ռադիկալ և սուր էր, սակայն լիովին արդարացի էր1 ( http://www.lragir.am/index/arm/0/society/view/86357 )։ Հարգում եմ նաև նաև մյուս կարծիքների գոյության իրավունքը։
Այստեղ խնդրի մեխը կարծում եմ որոշումների կայացման մեջ է, ինչպես ենք մենք իրարամերժ կարծիքների դեպքում որոշում կայացնում։ Մինչև հուլիսի 31-ը Մաշտոցի պուրակի Հանրային ժողովը չի հստակեցրել և չի ունեցել որոշումների կայացման մեխանիզմ, այն չի եղել որոշումների կայացման մարմին, այլ՝ իրավիճակի գնահատման և առաջարկությունների հնչեցման հարթակ։ Ժողովից հետո այն անհատները, որոնք հավանություն են տվել այս կամ այն առաջարկին, կազմել են խումբ և իրականացրել գործողություններ։ Բոյկոտի ակցիայի ժամանակ Հանրային ժողովը որոշում է ընդունել՝ շեղվելով ժողովի վարման ընթացակարգից։ Նմանօրինակ խնդիրները կանխելու համար առաջարկ կա մշակել և հրապարակել Հանրային ժողովի վարման ընթացակարգ, հռչակագիր և վարքի կոդեքս։ Նախնական տարբերակը կտեղադրվի մեծ խմբում գնահատականների և առաջարկների համար։
Ինչ վերաբերվում է այս մի քանի օրերին ակտիվիստների գործողությունները խիստ քննադատության ենթարկող քաղաքացիներին։ Քաղաքացիական դաշտը բաց է, մենաշնորհված չէ, բազմազան է։ Եթե ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս, արեք ձեր ուզած եղանակով, դրսևորեք նախաձեռնողականություն և վերցրեք պատասխանատվություններ։ Ինչ-որ բան սկսելու տարբերակներից մեկը Հանրային ժողովին մասնակցելն է, որտեղ կարող եք հանդես գալ առաջարկներով, հավաքել խումբ՝ օգտագործելով ձեր կողմից ընդունելի մեթոդներով։ Կարող եք նաև լրիվ այլ ձեր առաջարկած եղանակով մասնակցություն ունենալ։ Ի վերջո, ճիշտ կհամարվի այն մեթոդը, որը Ժամանակի ընթացքում իր արդյունավետությամբ կարդարացնի իր գոյությունը։
Ինչ վերաբերում է լրագրողներին։ Հարգելի լրագրողներ, ընդունեք ստեղծված իրավիճակը որպես մարտահրավեր, ընդունեք, որ հանրության մեջ կա հստակ ձևակերպված բողոք շատ լրագրողների աշխատաոճի վերաբերյալ։ Դուք նույնքան պատասխանատվություն ենք կրում խեղաթյուրված ինֆորմացիա տարածելու, փաստերն աղավաղելու, անհրաժեշտ պահին լռելու համար, որքան ապօրինի հրամաններին ենթարկվող և բռնություն կիրառող ոստիկանը։ Օգտվելով ստեղծված առիթից՝ ինքնակազմակերպվեք և լուծումներ գտեք ազատ և ինքնուրույն լրագրողի մասնագիտության կայացման համար։
Մի վերջին խոսք էլ ակտիվիստների կոչով դիմած կազմակերպություններին (http://jnews.am/mediangos-call-to-activists). բոլորիդ չեմ ճանաչում, բայց որոշ կազմակերպությունների անուններն ինձ հուշում են, որ դուք պիտի պայքարեիք ազատ խոսքի իրավունքի և դեմոկրատական արժեքների համար։ Ինչը նշանակում է, որ ստեղծված իրավիճակի համար նաև ինքներդ եք կրում պատասխանատվություն, եթե մինչև հիմա այս խնդրին բավարար չափով անդրադարձած լինեին ոլորտի շահագրգիռ կողմերը, հասրակական կազմակերպությունները, ակտիվիստները ստիպված չէին լինի դիմել սուր մեթոդների։ Հուսով եմ, որ հետայսու, օգտվելով հանրային օրակարգում թեմայի հնչեղությունից, քայլեր կձեռնարկեք պաշտպանելու համար ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքը։
- Ուղղորդված լրագրությունը ոտնահարում է ազատ խոսքի իրավունքը («Վճարում ենք 100 դրամ» շարժման հուլիսի 31-ի Մաշտոցի պուրակի Հանրային ժողովի մասնակիցների անունից, 2.08.2013, lragir.am)
Հուլիսի 31-ին Մաշտոցի պուրակի Հանրային ժողովին, որին ժամանել էին մասնակցելու նաև Հանրային խորհրդի որոշ ներկայացուցիչներ, առաջարկ հնչեց թույլ չտալ Հ-1, Արմնյուզ և Շանթ հեռուսատաընկերությունների ներկայացուցիչներին նկարահանել ժողովը։ Առաջարկը միաձայն ընդունվեց ժողովի մասնակիցների կողմից։ Սա ինքնաբուխ բոյկոտի ակցիա էր, որն ուղղված չէր կոնկրետ լրագրողների դեմ, այլ՝ հեռուստաընկերությունների ։
Վերոնշյալ հեռուստաընկերությունները, որոնք ներկա էին հանրային ժողովին, ինչպես նաև որոշ հեռուսատաընկերություններ, որոնց բացակա էին, օրինակ՝ Արմենիան, շարունակաբար անտեսել են քաղաքացիական նախաձեռնությունների և շարժումների գործունեությունը և միայն հարցերի լայն հնչեղություն ստանալուց հետո լուսաբանել են՝ խեղաթյուրելով փաստերը և հաճախ վարկաբեկելով շարժումները։ Որպես օրինակ կարելի է հիշատակել Մաշտոցի պուրակի քաղաքացիական գործընթացների լուսաբանումը և փաստերի խեղաթյուրումը։ Նման աշխատաոճը վարկաբեկում է լրագրողի մասնագիտությունը և ոտնահարում է յուրաքանչյուրի ազատ խոսքի և տեղեկացված լինելու իրավունքը։
Մենք կարծում ենք, որ այդ հեռուստաընկերությունները ժամանել էին զուտ այն պատճառով, որ պուրակի քննարկմանը ներկա էր Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։ Նրանք իրականում հետաքրքրված չէին գործընթացի լուսաբանմամբ։ Դրա ապացույցն այն է, որ այս տաս օրվա մեջ գրեթե անուշադրության են մատնել պայքարը։
Լրագրողները պատասխանատվություն են կրում հանրային կարծիքի ձևավորման գործում և պետք է պատասխանատու լինեն իրենց ընտրության համար։ Նրանք կարող են մասնակցել Հանրային ժողովին, ինչպես յուրաքանչյուր ոք, եթե ներկայացնեն իրենք իրենց, ոչ թե՝ հանրային շահը անտեսող հեռուստաընկերություններին։
Ռուզաննա Գրիգորյանը, ծնված 1982 թվականին, ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը: 2008 թվականից աշխատում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնում որպես գիտաշխատող և ծրագրի համակարգող: 2012 թվականից ակտիվորեն մասնակցել է սոցիալական փոփոխությունների միտված տարբեր քաղաքացիական գործողությունների և հարթակների ձևավորմանը:
Դիտվել է 285 անգամ