Ա
Հայաստանի վիճակն այսօր զբաղեցնում է ոչ միայն հայերին, այլեւ օտարներին: Հայկական հարցը նորից վիճաբանությունների առարկա է դարձել, նորից ամբողջապես կլանել է հայ հասարակության բոլոր խավերի լարված ուշադրությունը, միեւնույն ժամանակ քննության առարկա է դարձել օտար, մանավանդ ռուս մամուլի մեջ: Ամեն մի հայ ներկա տագնապալի ու աղետավոր ժամին բնականաբար ջանում է թափանցել մշուշոտ ու անհայտ ապագայի խորքը՝ իր հիվանդագին տարակուսանքների լուծումը որոնելով: Այո՛, հիվանդագին են այդ մտորումները, պետք է խոստովանել, չնայած ընդհանուր ոգեւորությանը: Հայության համար չափազանց կարեւոր, կյանքի եւ մահու խնդրի բնավորություն ստացած այդ տարաբախտ հարցն իրերի ներկա դասավորությամբ դրված է հրապարակի վրա իր ամբողջ ծանրությամբ՝ անթիվ հույսերի, ցնորքների, մտահոգությունների, գուշակությունների եւ դատողությունների ժխոր ստեղծելով:
Բավական է թռուցիկ մի ակնարկ նետել մեր ազգի մերձակա պատմության վրա, որպեսզի համոզվես, թե որքա՜ն կարեւոր ու վճռական դեր է հատկացրել մեր մտավորականությունն այդ չարաբախտ խնդրին: Բավական է թերթել մեր գրականության լավագույն ներկայացուցիչների երկերը՝ համոզվելու համար, թե ի՛նչ նշանակություն է ստացել այդ հարցը մեր կյանքում, որպիսի անմոռանալի ոգեւորությունների, զոհաբերումների, որպիսի ծանր հիասթափումների ու լքումի աղբյուր է եղել մեր ոչ միայն մտավորականության, այլ նաեւ ժողովրդի ամենալայն խավերի համար: Արդեն թվում է, որ եթե անգամ այդ Հայաստան կոչված դժբախտ երկրում ոչ մի հայ չմնա, մենք դարձյալ պիտի այրվենք նույն իղձերով, նույն ցավագին, մեզ համար մի տեսակ կրոնական գունավորում ստացած այդ խնդրով:
Այդ հարցի այս կամ այն լուծման ծանր տարակուսանքներով եւ ոսկե երազներով սերունդներ են կրթվել, այդ հարցի շուրջը պտտվող գրականությամբ սնվել են սերունդներ: Հայության համար մի ցավոտ ցնորք է դարձել այդ «Հայաստանը», մի ավետյաց երկիր, դյութական մի անուն:
Բնական է դրա համար, որ մենք անկարող ենք այդ խնդրի մասին սառնասիրտ խոսել, հանգիստ մտածել: Ավելին կասեմ, մեզ մի տեսակ սրբապղծություն է թվում, երբ մարդիկ մեր ազգի՝ տարիներով ու տասնյակ տարիներով փայփայած գաղափարին մոտենում են սառը մտքով, անտարբեր գիտնականի ոճով: Մենք ուզում ենք ճչալ, որովհետեւ երբ ցավ ես զգում, խոհեմ լինել չես ուզում. մենք ուզում ենք աղաղակել, որովհետեւ երբ սիրելին տանջվում է, խոհեմության խորհուրդներն անզոր են, իսկ այդ աղաղակի ապարդյուն լինելու մասին չեն մտածում: Օտարներն անգամ վարակվել են հաճախ եւ վարակվում են մեր օրերում մեր այդ հիվանդագին զգացումներով եւ սառը դատողի եւ տրամաբանորեն մտածողի փոխարեն՝ դառնում են մասնակից այդ տարերային բաղձանքներին:
Թվում է, թե ո՛չ դիվանագիտական խուճուճ հարաբերությունները, ո՛չ տնտեսական-հասարակական անսասան օրենքները, ո՛չ բնական անկարելիությունը չեն կարող դեմ կանգնել այդ միահոգի, միահամուռ ու բորբոքուն տենչանքին, այդ տարերային հեղեղի բնույթ կրող, ճակատագրական դրոշմով կնքված ընթացքին:
Այդ հոսանքի լոզունգը բացարձակ ու վճռական է, նրա դրոշակի վրա գրված է՝ «դեպի Հայաստան»:
Ինչպես էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչ հետեւանք էլ ունենա՝ միեւնույն է -«դեպի Հայաստան»: «Հայաստանը պետք է ազատվի». անդրդվելի մի պնդում է սա, որի հանդեպ ոչ մի ուժ չի կարող կանգնել, որին ոչ մի արգելք չի կարող կասեցնել:
Եվ հասկանալի է դա:
Չէ՞ որ ամեն մի հայ մտավորականի, ոչ միայն մտավորականի, այլեւ ամեն մի հայ մարդու համար այդ հարցը սրբազան մի ավանդ է դարձել, նվիրական մի տվայտանք, ամեն մի հայ մարդու առջեւ ծառացել է իր եղերական, արյունաներկ պատկերով:
Մի՞թե կարող ենք սառնասիրտ լինել մենք, երբ այժմ դրված է այդ հարցը, երբ կանգնած ենք նրա այս կամ այն լուծման հանդեպ:
Մի՞թե իրավունք ունենք մենք տարակուսելու կամ տատանվելու. պետք է հավատալ, պետք է հուսալ լիասիրտ, պետք է տենչալ սրտի բոլոր զորությամբ եւ մեր բոլոր կարողությամբ ձգտել, որ այժմ վերջնական կերպով լուծվի այդ արյունլվիկ հարցը:
Սակայն դրանով չի վերջանում մեր անելիքը. դա միայն նախադուռն է մեր ապագա հայրենաշեն, ազգակառույց գործի…
Բ
Մեր մտավորականության մեջ մի խոշոր ու այժմ իշխող հոսանք մշակել է մի տեսակետ, ըստ որի թուրքահայ խնդրի լուծման հետ է կապված հայության ամբողջ ապագայի հարցը: Ճիշտ է՝ կան որոշ վերապահումներ, սակայն ներկա դեպքում նրանք կարեւոր չեն, էական դեր չեն կատարում:
Այդ հասարակական հոսանքի թեորիան գրեթե համատարած ու իշխող է հանդիսանում մեր երկրում. այդպես է եղել գրեթե միշտ, չնայած արտաքին խանգարիչ զորություններին, չնայած ներքին՝ մեր երկրում ծագած հակամարտ հասարակական հոսանքներին: Այդ ուղղությունը այսպես թե այնպես գրավել է մեր ոչ միայն միջին հասարակական խավերի համակրությունը, այլեւ ներքին՝ ժողովրդական, դեմոկրատ դասերի համակրությունն ու գործակցությունը: Ներկա դեպքում ինձ հետաքրքրողն այդ ուղղության թեորիաների մանրամասները չեն, ոչ էլ նրանց մտածողության ամբողջական կոնցեպցիան: Ինձ զբաղեցնողն այժմ միայն մի հիմնական կետ է, որ շատ կարեւոր դեր է կատարում նրանց ամբողջ հասարակական աշխարհայացքի նկատմամբ: Հայություն եւ Հայաստան ասելով՝ այդ ուղղության ներկայացուցիչները գրեթե միշտ թուրքահայությունն են ըմբռնում եւ Թուրքաց Հայաստանը:
Մտածողության այդ ձեւը շատ բնորոշ արտահայտություն էր գտել դեռ անցյալ տարի կարդացված մի դասախոսության մեջ, որ վերաբերում էր հայ գրականությանը, եւ մի այլ դասախոսության մեջ, որ վերաբերում էր հայ կուլտուրայի ապագային: Այդտեղ շատ պարզ ցոլանում էր այն գերագույն հավատը, որ տածում էին դասախոսները դեպի թուրքահայերի կուլտուրական վճռական դերը հայության կյանքում: Հայության գլխավոր կուլտուրական կենտրոնը ներկայանում է, ըստ այդ տեսակետի, Էրզրումը, Վանը, Մուշը, մի խոսքով՝ Թուրքաց Հայաստանի կենտրոնները:
Ընդհանուր առմամբ՝ դասախոսները լավատեսությամբ էին տոգորված հայության կուլտուրական ապագայի վերաբերմամբ: Սակայն, երբ ես կարդացի լրագրում այդ դասախոսությունների բովանդակությունը, չտոգորվեցի նույն լավատեսությամբ, որովհետեւ նրանց լավատեսությունը հիմնված էր թուրքահայ խնդրի լուծման վրա եւ այն հավատի վրա, որ տածում էին նրանք դեպի թուրքահայերի կուլտուրական ապագան, մինչդեռ ինձ զբաղեցնում էր ամբողջ հայության կուլտուրական ապագայի խնդիրը:
Մինչդեռ ինձ համար միանգամայն անընդունելի էր այդ կոնցեպցիան՝ ոչ միայն իբրեւ մտածողություն, այլեւ իբրեւ զգացողություն: Բայց դա կարեւոր չէ, որովհետեւ ուղիղ թե սխալ՝ վերը հիշածս իդեոլոգիայի ներկայացուցիչներն այնուամենայնիվ ունեին իրենց առջեւ մի ուղեցույց աստղ՝ հայության ապագան, որ ինձ համար էլ կենսական ու կարեւոր, այժմեական ու հրատապ էր թվում, ինչպես թվում է եւ այժմ: Դրա համար ես հասկանում եմ, երբ այդ ուղղության մարդիկ զայրույթ են զգում կարդալով այն հոդվածները, որոնց հեղինակները մտահոգվում են թուրքահայերի եւ առհասարակ հայերիֆիզիկական գոյությունը ապահովելու մասին: Ո՛չ, ասում են նրանք, հարցը հայության ֆիզիկականի մասին չէ, այլ նրա ամբողջ ապագայի, նրա կուլտուրական ստացվածքների, նրա հոգեկան ինքնության մասին: Պետք է միջանկյալ նկատեմ, որ հայ ժողովրդի ֆիզիկական ապահովության մասին խոսողները, իհարկե, պակաս չեն շահագրգռված հայության կուլտուրական եւ հոգեկան ստացվածքների վերաբերմամբ, միայն այս անգամ եւս տարբերությունն այլ տեղ պետք է որոնել: Բանն այն է, որ ֆիզիկականի մասին մտահոգվողներն այնպիսի գերագույն ու վճռական հույսեր չունեն ներկայիս հայության ապագայի նկատմամբ, ինչ հույսեր անտարակույս տածում են նրանք, որոնք ամբողջ հայության ապագայի հարցը կապում են թուրքահայերի հետ:
Չընծայելով թուրքահայությանն այդպիսի վճռական դեր, այնուամենայնիվ, բնականաբար, ամեն մի հայ պիտի շահագրգռված լինի թուրքահայերի ազատագրումով, ինչ ձեւով էլ լինի այդ ազատագրումը: Ուրեմն պարզ է, որ հակադրություն չկա այստեղ, այլ ընդհակառակը՝ համադրություն կա, քանի որ ֆիզիկականի մասին հոգացողները եւս հայության ապագայի խնդրով են զբաղված: Ուրեմն էական խնդիրը մեկ է՝ հայության կուլտուրայի ապագայի ապահովումը: Վերը հիշածս ուղղության մարդիկ ազգի այդ կուլտուրական ապագայի հարցի լուծումը որոնում են թուրքահայկական հարցի լուծման սահմաններում:
Գ
Սակայն կա մի ավելի տարօրինակ թյուրիմացություն: Դա հայ բուրժուազիայի եւ մանավանդ բուրժուական ինտելիգենցիայի բռնած դիրքն է: Այսպես թե այնպես՝ վերը հիշածս ուղղության իդեոլոգները (որոնց օտար չեն որոշ դեմոկրատական սկզբունքներ ու համակրություններ) հանուն ազգային ապագայի ուզում են հայության ճակատագիրը միանգամից լուծել, մի հարվածով կտրել այդ գորդյան հանգույցը, մի հերոսական ճիգով վերջ դնել ծանր ու տարտամ վիճակին. հայ բուրժուական ինտելիգենցիան, ինչպես եւ հայ բուրժուազիան չգիտես՝ ի՛նչ են կամենում:
Ազգային ինտելիգենցիան պարզ կերպով առաջադրել է ազգային կուլտուրական ապագայի հեռանկարը: Բուրժուական ինտելիգենցիան, որ սովորաբար հարում է քաղաքական լիբերալ ուղղություններին, այս դեպքում մի տարօրինակ համերաշխություն է ցույց տալիս ազգային մտավորականներին: Այն ազգայիններին, որոնցից դեռ երեկ այնպիսի ահաբեկ սրտով ու անկեղծ դժգոհությամբ հրաժարվում էր: Այժմ մի զարմանալի մետամորֆոզ է կատարվել: Ես ասացի, որ ազգային ինտելիգենցիան ունի իր որոշ հեռանկարը, որոշ նպատակը (որի ներքին պարունակությունը գուցե եւ պարզ չի պատկերացնում). իսկ ի՞նչ նպատակով, ի՞նչ հեռանկարով է ղեկավարվում հայ բուրժուական ինտելիգենցիան:
Ի՞նչ է կամենում նա «Հայաստան» ասելով: Ի՞նչ է նշանակում այդ բառը նրա շուրթերին:
Եթե ենթադրելու լինենք նույն «ազգի կուլտուրական ապագան», պետք է ենթադրենք այդ բուրժուական ինտելիգենցիայի մեջ որոշ ազգային կուլտուրական գունավորում, ազգային կուլտուրական որոշ գաղափարներ, որոշ ձգտում, մինչդեռ ամենից առաջ եւ վճռական կերպով փաստերը ժխտում են մի այսպիսի ազգային ոգու գոյությունը մեր բուրժուական ինտելիգենցիայի ծոցում:
Ընդհակառակը, ինչպես հայ բուրժուազիան, այնպես եւ նրան մշտապես հարազատ, ավելի լավ է ասել՝ հոգեհարազատ հայազգի ինտելիգենցիան իր ամենախոշոր ու ամենագործոն մասով ապազգայնացած է:
Դա մի անժխտելի փաստ է:
Նրա՝ այդ ինտելիգենցիայի համար բնավ գոյություն չունի հայ կուլտուրա ասածդ: Նա միանգամայն անտեղյակ է այդ կուլտուրայի գլխավոր գործոններին – լեզվին, գրականությանը, արվեստին – այն ամենին, ինչ մի ազգի կուլտուրան բնորոշող հատկանիշներն են կազմում:
Նա ոչ միայն անտեղյակ է, այլ կամք անգամ չունի տեղյակ լինելու, ավելին կասեմ, արհամարհում է այդ ամենը:
Ամեն անգամ, երբ դրա եւ նման հարցերի մասին խոսք է բացվում, մեր ինտելիգենցիայի որոշ մասը մատնանիշ է անում այն, որ մենք «փոքր ազգ ենք», երեւի ենթադրելով, որ բոլոր «փոքր» ազգերի ինտելիգենցիան այդպես կլինի… Սակայն, իհարկե, դա սխալ է:
Ո՛չ լեհ, ո՛չ ֆինն, ո՛չ մալոռուս, ո՛չ նույնիսկ վրացի ինտելիգենցիան այդպես չէ:
Ուրեմն ի՞նչ է այդ բուրժուական, ապազգայնացած ինտելիգենցիայի բաղձանքը Հայաստանի վերաբերմամբ:
Դեռ սրանից մի երկու տարի առաջ ես մի անգամ զրույց ունեցա մի այդպիսի հայ ինտելիգենտի հետ (թեպետ դեռ ոչ բոլորովին ապազգայնացած, սակայն այն ինտելիգենտներից մեկի, որոնք ոչ մի արժեք չեն տալիս ազգային կուլտուրային):
Երբ ես հարցրի նրան, թե ի՞նչ է վերջապես նրա բաղձանքը, ինչո՞ւ է այդպես ջերմ ցանկանում, որ «Հայաստանն ազատվի» (Բալկանյան պատերազմի սկզբին էր տեղի ունենում զրույցը), վերջապես՝ մի՞թե, հարցրի ես, ձեր բաղձանքն այն է, որ տեսնեք հայ ոստիկան հայկական համազգեստով… նա անհամբեր կերպով եւ կտրուկ ասաց.
— Այո՛, հայ ոստիկան, հայկական համազգեստով…
Հետո ավելացրեց դրա վրա եւ այն ամենը, ինչ անհրաժեշտ կերպով կապված է այդ հայ ոստիկանի գոյության հետ…
Սակայն ես ոչ մի խոսք չլսեցի հայ կուլտուրայի մասին. հայ արվեստի, գրականության, հայ գիտության… վերջապես հայ ժողովրդի մասին, որի համար (նկատենք թռուցիկ կերպով գոնե) բոլորովին միեւնույն է, թե ո՛ր ազգից է եւ ի՛նչ համազգեստ ունի հագին այն ոստիկանը, որն իրենից կաշառք է պահանջում կամ որն իրեն ծեծում է…
Այսպես ահա, այդ հայ բուրժուական ինտելիգենցիան, որ ժխտում է մեր ժողովրդի լեզուն, որ արհամարհում է մեր գրականությունն ու մամուլը (ամենաեռանդուն կերպով ձգտելով ավելի ու ավելի ցած գցել նրանց ու փոխարինել մի այլ մամուլով, որի համար ոչ մի միջոց չի խնայում), ահա այդ ինտելիգենցիան այսօր տոգորվել է մի անասելի ոգեւորությամբ, մի չտեսնված ազգասիրությամբ: Նա եւս իր լոզունգը դարձրել է «Հայաստանը»…
Եվ այդ մարդիկ այսօր ամենից բարձր են ճչում Հայաստանի մասին՝ միեւնույն ժամանակ ինքնակոչ կերպով ստանձնելով ազգի ներկայացուցչության իրավունքը:
Նրանք են, որ պիտի հայության պաշտպան կանգնեն, հայության բերանը լինեն:
Ստացվում է մի սքանչելի պատկեր. հայության բերանը հայերեն չի խոսում, հայության շուրթերը հայերեն բառեր չեն կարող արտասանել:
Հնարավո՞ր է մի այդպիսի պատկեր այլ «փոքր» ազգերի մեջ. հնարավո՞ր է, որ մի լեհ ինտելիգենտ կամ բուրժուա, մանավանդ լեհ ազգի ներկայացուցիչը լինելու հավակնություն ունեցող մի բուրժուա, ինտելիգենտ, իշխան՝ լեհերեն չիմանա:
Ինչպե՞ս, մի Վիլեզոլսկի կամ մի Զամոյսկի չիմանա լեհերե՞ն, մի Դմովսկի կամ Պատոցկի չիմանա Լեհաստանի հեռավոր եւ մերձակա պատմությու՞նը, նրա գրականությու՞նը, չսիրի նրա նկարչությու՞նը, երաժշտությու՞նը, թատրո՞նը, այն հոգեւոր երկերը, որ կենդանություն են տալիս մարմնավոր, նյութական Լեհաստանին:
Ո՛չ, այդպիսի բան չի կարող պատահել երբեք, դա անհնար է որեւէ լեհի համար:
Լեհի համար չեն կարող գոյություն ունենալ արգելքներ ու խոչընդոտներ՝ իր լեզուն, իր հայրենիքը, իր հոգեւոր հայրենիքը ճանաչելու ցանկության հանդեպ:
Ասում եմ այդ նրա համար, որ մեզանում շարունակ այդ երգն են երգում… Պայմաննե՜ր… Ներեցե՛ք, նույն պայմանները չեն խանգարում ահա լեհերին ու մալոռուսներին իրենց լեզուն, իրենց գրականությունը, իրենց պատմությունն ու իրենց արվեստը սիրելու եւ ճանաչելու:
Սրանից մի քանի տարի առաջ իմ ընկերներց մեկը պատմում էր, որ մի լեհ ուսանող մաթեմատիկոս քննություններին պատրաստվում էր լեհական դասագրքերով: Դա Մոսկվայում էր, Մոսկվայի համալսարանի ուսանող էր լեհը:
Կասեք՝ ուրեմն կան լեհերեն դասագրքեր եւ, ըստ երեւույթին, ավելի լավ դասագրքեր (այդպես էր վկայում եւ այն լեհ ուսանողը), որ գերադասվում են ռուսականներին:
Այո, բայց այդ դասագրքերն էլ ստեղծել է նույն լեհը… չնայած «պայմաններին», որոնց վրա միշտ մատնանիշ են անում մեր ազգային բուրժուաներն ու բուրժուական ինտելիգենտները: Իհարկե, երբ ասում եմ ճանաչել, գիտենալ, սիրել մայրենի գրականությունը, արվեստը, լեզուն, դա չի նշանակում գոհանալ նրա ներկա դրությամբ, այլ հենց ընդհակառակը. եթե լիներ այդ սերը, նրա ներկան այդքան ողորմելի չէր լինի եւ ապագան՝ այդքա՜ն անհույս ու անհավատալի:
Մեզանում շարունակ մատնանիշ են անում գրականության, արվեստի, մամուլի, դպրոցի անկյալ վիճակը եւ դրանով արդարացնում իրենց անտարբերությունը դեպի այդ ամենը:
Զարմանալի բան. ի՞նչ եք տվել, պետք է հարցնել այսօրվա այդ բուրժուա-ինտելիգենտ ազգասեր դարձած հայերին, ի՞նչ եք տվել եւ ի՞նչ եք պահանջում: Երբ մի հայ մարդ կամենում է ռուսերեն թերթ հրատարակել, նա շատ պարզ գիտակցում է, որ դրա համար հարկավոր է հարյուր հազարների գումար, իսկ երբ նույն մարդը կամենում է բարերարել հայ թերթը, նա մեծահոգորեն նվիրում է հինգ-տասը հազար եւ իսկույն պահանջ դնում, որ այդ թերթը հավասար լինի ռուս թերթերին:
Ահա այդ հայ բուրժուա-ինտելիգենտն ամեն անգամ, երբ խոսք է բացվում գրականության մասին, աչքերը հյուսիս է դարձնում. այնտե՜ղ, տեսնու՞մ եք, գրականություն կա, որովհետեւ մեծ ազգ է, գրքերը տարածվում են, գրականությունը օգտավետ, շահավետ զբաղմունք է…
Այլ կերպ չի կարող դատել նա, ում համար ամենից համոզեցուցիչ փաստը ոսկու շլացնող փայլն է…
Մինչդեռ նա կարող է իմանալ նախ, որ ռուս գրականությունը դիվիդենտներից չէ՝ որ ծաղկել է, որ ռուս գրականությունը, արվեստը սիրող հասարակություն կա, շատ սակավաթիվ, այո, շատ սակավաթիվ,որովհետեւ այն գրողները, որոնց մասին լսել է հայ բուրժուա-ինտելիգենտը, բացառություն են կազմում, եւ եթե նրանց գրական գործունեությունը շահավետ է նրանց համար, դա դեռ չի նշանակում, որ բոլոր ռուս գրողները, կամ լավագույն ռուս գրողները միշտ ոսկու փայլով շլացած են ստեղծագործում… Մի Տյուտչեւ, մի Դոստոեւսկի պիտի տասնյակ տարիներ սպասեին, որպեսզի նրանց գնահատեր հասարակությունը: Ուրեմն Տյուտչեւը վա՞տ գրող է: Ուրեմն, եթե Տյուտչեւի գրքերը չէին տարածվում (իրավ, այդպես էլ էր, եւ է այժմ էլ), նա հարկավոր չէ՞ր ռուս գրականությանը…
Այսպիսի մի դատողություն անհնար է, անըմբռնելի է եվրոպացի, ռուս, լեհ ինտելիգենտի համար:
Ահա այսօր այդ մարդիկ խոսում են «Հայաստանի» մասին:
Բայց դեռ մինչեւ օրս չի հավաքված այն չնչին գումարը, որով պիտի կանգնեցնեին Խ. Աբովյանի արձանը Երեւանում: Մի՞թե Արարատյան դաշտը Հայաստան չէ, եւ նրա ոգին՝ Աբովյանը, այդ Հայաստանի ամենալուսեղեն մի բեկորը չէ: Որպիսի՞ Հայաստան եք ուզում կառուցել դուք, որ չեք ուզում ճանաչել այդ հոգեղեն Հայաստանը:
Ի՞նչ եք որոնում դուք Հայաստանում, եթե արհամարհում եք այն, ինչ հոգին եւ սիրտն է նրա…
Ինչպե՞ս հավատամ ես ձեր այդ հանկարծակի, դյութական մի գավազանի շարժումով ծնված ազգասիրությանը:
Դուք, որ ինքնակոչ հյուրեր եք այսօրվա արյունալի հանդեսում, մի՞թե չեք զգում ձեր դրության տարօրինակությունը, անհարմարությունը:
Դուք, որ հարսանյաց հյուր եք միշտ եւ երբեք ազնիվ աշխատանքի եւ սրտակեղեք ցավի հետ լինել չկամեցաք մեզանում:
Դուք, որ ժառանգ եք դարձել մեր հայրենիքի եւ երբեք չեք գնահատել նրա հոգեղեն ավանդը: Բայց կանցնի այս արյունալի հանդեսը, որի մեջ դուք ինքնակամ եւ ինքնակոչ թամադա եք դարձել, եւ կգա նորից տաժանելի ու չարքաշ աշխատանքի առօրեականը, եւ դուք, եկվորներ, նորից կփախչեք այնտեղ, ուր ձեր որկորն ավելի կուշտ է, ուր ձեր որջն՝ ավելի տաք…
Մինչեւ անգամ այսօրվա ձեր արածների համար դուք պատասխանատվությունը կնետեք նույն ձեր այսօր այդքա՜ն սիրեցյալ հայրենիքի չարքաշ ու դժբախտ, քաղցած ու հուսախաբ զավակների վրա…
Եվ դարձյալ Հայրենիքի, Հոգեւոր Հայաստանի կառուցման ծանր ու վշտալի, բայց ազնիվ աշխատանքը կվերցնեն իրենց վրա նրանք, ում դուք չեք ճանաչել երբեք, չեք ուզում ճանաչել այսօր եւ չեք կամենա ճանաչել առավել եւս վաղը: Անուններ տալու կարիք չկա, ձեր սրտին ոչինչ չեն ասի այդ անունները:
Իսկ ձեր անուննե՞րը: Դա էլ կարեւոր չէ, մանավանդ որ Nomina odiosa sunt! (անուններն ատելի, անցանկալի են – խմբ.):
Դ
Իսկ ինչ վերաբերում է այն ազգային ինտելիգենտին, որին զայրացրել է հայ ժողովրդի ֆիզիկական գոյության վրա մտածողների մտորումը, մենք կարծում ենք այժմ նրա համար պարզ պիտի լինի, որ մենք մտահոգվում ենք այդ ֆիզիկական գոյության մասին ոչ լոկ մարդասիրական զգացմունքներից դրդված, այլեւ որոշ ազգային տեսակետ ունենալով: Մենք չէինք կամենա, որ մեր ժողովուրդը ոտնատակ գնար այս շփոթ օրերում, որ նա զոհ լիներ սխալ գաղափարախոսության, սխալ ըմբռնված ազգային իդեալի եւ վերջը հուսահատության ու հիասթափության գիրկն ընկներ:
Մենք թերահավատ ենք դեպի այդ՝ մի հարվածով, մի թեկուզ հերոսական ճիգով ստեղծվելիք Հայաստանը: Մեր խորին համոզումով, որքան եւ կարեւոր ու խոշոր լինի այսօրվա այդ հերոսական ճիգը, այնուամենայնիվ նա չէ, որ պիտի որոշի, վճռի հայության ապագայի վիճակը, ստեղծի այն Հայաստանը, որ մեզ համար բաղձալի է: Այդ Հայաստանը մենք վերը կոչեցինք Հոգեւոր Հայաստան:
Եվ ահա, այսօրվա ճիգերի ու ջանքերի մեջ անգամ մենք չպիտի մոռանանք, որ մեր առաջ կա դեռ մի խոշոր ու վսեմ աշխատանք, գուցե ոչ այնքան շլացնող ու փայլուն իր արտաքինով, սակայն իմաստալից եւ վեհ՝ իր ներքին բովանդակությամբ:
Հայության հավաքում կամ հայության կազմակերպում գաղափարական իմաստով – ահա՛ ինչ եմ հասկանում ես Հոգեւոր Հայաստան ասելով: Դա այն կուլտուրան է, այն կուլտուրապես կազմակերպված ժողովուրդն է, որի գալուն մենք կուզեինք հավատալ:
Ընթերցողը կարող է, սակայն, ենթադրել, որ իմ բաղձանքը լոկ կուլտուրական աշխատանքն է, որով ես առաջարկում եմ զբաղվել: Այո՛, եթե կուզեք, այդպես, միայն եթե այդ խաղաղ կուլտուրայի առաջընթացքը խանգարող հանգամանքներ չլինեն:
Քանի որ կան այդ արտաքին արգելքները, բնականաբար մեր ուշքը միշտ պիտի դարձած լինի նրանց վրա: Ես միանգամայն համաձայն եմ Դ.Անանունի հետ, որ մեր ինտելիգենցիայի գլխավոր մեղքերց մեկը նրա ապոլիտիցիզմն է:
Դրանից է բխում այն, որ մեր ազգայնական ինտելիգենցիան մեկուսացման մեջ է որոնում հայության փրկությունը, առանձնության մեջ է կամենում կառուցել ազգային ապագան: Ահա այդտեղից է ծագում նրածխականությունը, որ ես էլ շեշտել եմ մի անգամ եւ որին հակադրել եմքաղաքացիությունը:
Քանի որ կլինեն այդ արտաքին խոչընդոտները, բնականաբար իբր քաղաքացիներ՝ մենք պետք է մաքառենք նրանց դեմ:
Սակայն, բացի այդ, կա եւ ներքին կամքի խնդիր: Ազգը միայն արտաքին ուժերի զորությամբ, իրերի արհեստական դասավորությամբ չի ստեղծվում, այլեւ իր անդամների ներքին մտավոր-հոգեկան կապով: Պետք է, բացի արտաքին հնարավորությունից, լինի եւ ներքին մի զորություն, մի հոգեւոր մղում, որ մարդկանց համախումբը ազգ է դարձնում:
Որքան ուզում է թող անկախ ու ազատ լինի մի Ալբանիա, դա երբեք չի ստեղծի ազգ, եթե ալբանական ժողովուրդը մի ներքին մղում չունենա դեպի այդ եւ տեւական ու ծանր աշխատության գնով ձեռք չբերի այդ արտոնությունը:
Ես ոչ մի արժեք չեմ տալիս այն ազգությանը, որ արտաքին սահմաններով է պահպանում իր ինքնությունը, եւ որ գլխավորն է՝ մի ինքնություն, որ կարիք էլ չկա պահպանելու:
Ահա թե ինչու՛, ես կարծում եմ, որ բացի արտաքին արգելքները հաղթահարելուց, ամեն մի՝ ազգ կազմելու ցանկություն ու կամք ունեցող ժողովուրդ անդադար պիտի ստեղծի այն արժեքները, որոնք նրաինքնության առհավատչյաներն են:
Ֆրանսիացիների նման կուլտուրապես կազմակերպված ու զորեղ եւ քաղաքականապես ապահով մի ժողովուրդ ամեն կերպ աշխատում է պահպանել իր ինքնության գլխավոր նշանը – իր լեզուն, եւ դրա համար ամենուրեք հիմնում է այն ալիանսները, որ մեր Թիֆլիսում էլ կա: Մինչդեռ մենք մի Մոսկվայում, ուր բազմահազար ու հարուստ գաղութ ունենք, չունենք գեթ մի փոքրիկ ընկերություն, մի հիմնարկություն, որի նպատակը լիներ հայոց լեզվի պահպանումն ու տարածումը ոչ թե օտարների, այլ մերայինների՝ հայերի մեջ:
Մինչեւ այժմ մենք չունենք ոչ մի հիմնարկություն կամ ընկերություն, որ նպատակ ունենար, օրինակ՝ հայ նկարչությունը խրախուսելու, հավաքելու ի մի հայ նկարիչներին, որոնք այժմ արդեն ոչ միայն բնազդով, այլ գիտակցությամբ հայ են իրենց արվեստի մեջ (օրինակ՝ Սարյան, Սուրենյանց եւ այլն):
Չեմ ասում գրականության, մամուլի, դպրոցի մասին. դա հասկանալի է ինքնըստինքյան: Ահա այդ առօրյա կուլտուրական աշխատանքի առջեւներկա պայմաններում էլ չկան արգելքներ, արտաքին խոչընդոտներ, մինչդեռ դրանք գերագույն կարեւորություն են ներկայացնում ազգային ապագան կառուցելու տեսակետից:
Չպետք է ծույլերի հոգեբանությամբ հույսներս դնենք լոկ արտաքին հրաշքների վրա. չպետք է մեզ կերակրենք այն հավատով, որ մի արտաքին փոփոխություն, մի դյութական ձեռք մեզ ազգ կդարձնի: Չպետք է կամենանք մեր հույսը եւ ապագան նյութական Հայաստան գաղափարի վրա հիմնել, այլ պիտի տենչանք ու աշխատենք Հոգեւոր Հայաստանի համար:
Հակառակ դեպքում մենք կնմանվենք մեր տգետ հայ բուրժուային, որ առատ ձեռքով նվիրում է իր ոսկին դպրոցական շենքեր կառուցելու, առանց երբեւիցե մտածելու՝ թե ինչպիսի՞, ի՞նչ դպրոց է լինելու այդ շենքի մեջ, թե վերջապես դպրո՞ց է լինելու դա… Ով լոկ շենքերի մասին է մտածում, նա «չգիտի ինչ է անում»:
Նայեցեք՝ մեր Հայրենիքում դուք կգտնեք շատ ու շատ շքեղ ու հոյակապ դպրոցական շենքեր (որոնց ճակատին անշուշտ ոսկետառ փորագրված է պանծալի բարերարի անունը). սակայն կգտնե՞ք արդյոք մի դպրոց, որ օրինակելի լիներ, կանգնած լիներ իր բարձրության վրա…
Չկամենանք շքեղ շենքերի հայրենիք դարձնել մեր Հայրենիքը, հոգու եւ մտքի՛ հպարտությամբ ճոխացնենք նրան:
«Շենքերի հայրենասիրությունը» – դա՛ է ահա մեր լիբերալ-ազգասեր-բուրժուա-ինտելիգենցիայի հայրենասիրությունը:
Ահա այդ արտաքին սահմաններով առանձնացած խավարի մեջ դեգերող, բայց օտարների աչքին թոզ փչելու համար պատեհ դեպքերի համար արտաքին շքեղ ու հոյակապ շենքերով ճոխ Հայաստանն է նրանց բաղձանքի առարկան:
Դա հայ համազգեստը հագին հայ ոստիկանի մի հայրենիք է:
Չկամենա՛նք այդպիսի մի հայրենիք:
Հիշենք, որ այդ զոոլոգիական ազգասիրության արդյունքն է մեր այսօրվա հոգեկան-մտավոր սնանկությունը, մեր կուլտուրական թշվառությունը:
Որովհետեւ որպիսի՞ Հայաստան կարող է ստեղծել զոոլոգիական ազգասեր բուրժուա ինտելիգենտը, որը հայության ամենավսեմ գանձը – լեզուն արհամարհում է, եթե ոչ մի հայ ոստիկանի հայրենիք…
Այդպիսի հայրենիք ես չե՛մ ուզում:
Որովհետեւ, մի՞թե դիակ է իմ կամեցածը:
Իսկ մեր այսօրվա արյունալի հանդեսի ապազգայնացած թամադաների հայրենիքը, նրանց բաղձանքը մի դիակ է անհոգի:
Ու՞ր էր նրանց հռետորական ճարտարությունը, նրանց կրակե ոգեւորությունը, նրանց հեռատես եւ խորաթափանց միտքը, նրանց բորբոքուն սերը, երբ մեռնում էր, երբ այժմ էլ մեր աչքի առջեւ մեռնում է այն, ինչ Հայաստանի հոգին ու սիրտն է, նրա ամենից թանկագին ու վսեմ գանձը, նրա կենդանության եւ ապագայի լավագույն առհավատչյան: Ու՞ր էին նրանք եւ ու՞ր են, երբ մեռնում է արհամարհված ու ընկած, բայց ազնիվ ու լուսեղեն հոգի՛ն Հայաստանի, երբ մեռնում է Հոգեւոր Հայաստանը:
Ե
Այդ Հոգեւոր Հայաստանի կառուցումը ծանր ու տեւական աշխատություն է պահանջում, անթիվ կյանքերի տոկուն հավատ եւ գիտակցություն, անարյուն, բայց ազնիվ, գուցե ավելի դժվար, ավելի ահավոր զոհաբերում, քան արյունի զոհաբերումը:
Մի Րաֆֆի, մի Արծրունի, մի Նալբանդյան, մի Դուրյան նույնպես ասպետներ են, գուցե ավելի մեծ հերոսներ են, քան նրանք, որ կռվի դաշտում են զոհաբերում իրենց կյանքը:
Մի՞թե անվերջ չարչարանքի եւ գերագույն մի բաղձանքի, անվերջ զրկանքների եւ վսեմ մի հավատի պայծառ պատկերը չէ մեր Հոգեւոր Հայրենիքի ասպետ-զավակների կյանքը:
Եվ եթե այսօր մեկը ոչինչի տեղ է դնում նրանց՝ այդ ոգու ասպետներին ու միեւնույն ժամանակ ծունր է չոքում այսօրվա արյունոտ կռվի հերոսների առջեւ, ես չեմ հավատում նրան, ես զզվում եմ նրա այդ հրաբորբոք հայրենասիրությունից:
Եթե հիրավի այսօր պարզված է հայության սիրտը դեպի ապագան, եթե հիրավի հավատում է նա իր ապագային, ապա իր հայացքը ոչ միայն դեպի Վան կամ Էրզրում պիտի ուղղի, այլ իր ներսը, իր հոգու խորքը՝ տեսնելու համար, թե կա՞ արդյոք իր մեջ այն ամենը, որ կենդանություն է ներշնչում մեր նյութական հայրենիքին, այդ Վան եւ Մուշ եւ Էրզրումին:
Իսկ եթե կա, ապա նա չի նստի ծույլ եւ անհավատ, այլ կամքի մի գերագույն թափով կձեռնարկի այդ Հոգեւոր Հայրենիքի վերակառուցման:
Մեր երկիրը ավերակների երկիր է, ավերված մի Հայրենիք, որ մենք այսօր կամենում ենք կենդանացնել, որին կամենում ենք նոր կյանքի կոչել:
Մեր Հոգեւոր Հայրենիքը նույնպես ավերված մի երկիր է, եւ այդ ավեր ու անավարտ շենքերը կանգնեցնելու համար որպիսի՜ ջերմ սեր, որպիսի՜ անձնվիրություն, որպիսի՜ բուռն ոգեւորություն է հարկավոր:
Քննեցեք ձեր սիրտը եւ նայեցեք, թե կա՞ արդյոք այնտեղ հավատ, որով պիտի կենդանանա մեր այդ Հոգեւոր Հայաստանը. եթե չկա, ապա զուր են ձեր ջանքերը նյութական Հայաստանի համար… Նա չի կենդանանա: Նա հոգո՛վ միայն կարող է կենդանի լինել: Դատարկ խոսքեր են մեր փոքր ազգ լինելու մասին հնչող ճառերը. ո՛չ բելգիացիք են մեծ ազգ, ո՛չ նորվեգացիք, մինչդեռ որպիսի դյութական անուններ են դրանք, որքա՜ն սիրելի ոչ միայն իրենց՝ այդ երկրների զավակների, այլեւ մեզ եւ ուրիշների համար…
Այսօրվա ահավոր անցքերը, ինչպես շատ իրավացի նկատել էր մի հայտնի ռուս գրող, ոչ միայն աշխարհագրական սահմանագծերը պիտի փոխեն, ազգերի փոխադարձ հարաբերությունների մի նոր դասավորում ստեղծեն, այլեւ գաղափարական աշխարհում պիտի մի նոր հեղաշրջում, մի վճռական փոփոխություն առաջացնեն:
Եվ հիրավի: Այսօր մեր առջեւ կատարվող հսկայական անցքերը պիտի անհետ չանցնեն մեր հոգու համար, նրանք իրենց հեղաշրջող ազդեցությունը պիտի ունենան:
Ես գուշակ լինելու ոչ մի հավակնություն չունեմ: Սակայն ես կուզեի որոշ հետեւողականություն գտնել իրերի ընթացքում եւ որոշ տվյալներից անել բոլոր եզրակացությունները, որ հնարավոր է անել:
Մեր մեռած կյանքն այսօր կարծեք թե կենդանության նշաններ է ցույց տալիս: Թող լինեն այդ նշանները տարօրինակ եւ երբեմն այլանդակ, բայց այդ տարօրինակություններն ու այլանդակությունները ես կուզեի վերագրել անցյալին, կուզեի ենթադրել, որ անցյալի ստվերն է, որ դեռ ընկած է բացվող ապագայի վրա:
Եթե, իրավ, այդպես է, ապա իր աչքերը Հայաստանի դաշտերին ու սարերին հառած հայությունը պիտի ներշնչվի մի նոր ու առավել բարձր տենչանքով, մի պարզ ու խորին գիտակցությամբ, մի անսասան բաղձանքով կենդանություն ներշնչելու մեր կիսամեռ Հոգեւոր Հայրենիքին, մեր ավերվող ու անդարձ անհետացող Հոգեւոր Հայաստանին: Չէ՞ որ նյութական կորուստները միշտ կարելի է վերադարձնել, իսկ հոգեւոր կորուստն անդառնալի է:
Չպետք է մատնանիշ անել արտաքին արգելքներն ու խոչընդոտները՝ դրանք միշտ կան, եւ դրանց դեմ, այո՛, պետք է կռվել:
Բայց նախ պետք է ներքին կամք, ներքին հավատ, անխախտ գիտակցություն. առանց այդ՝ ավելորդ է եւ արտաքին արգելքների դեմ կռվելը, ավելորդ է այդ պատնեշները ջնջելը, քանի որ, երբ ընկնեն այդ պատնեշները, հանկարծ պիտի տեսնեք դուք, որ զուր էին ձեր ջանքերը, ձեր զոհաբերումները, ձեր կռիվը՝ այդ բոլորը դուք արել եք մի անկենդան դիակի համար:
Ահա այդպիսի մի ներքին հավատ, մի խոր գիտակցություն է հարկավոր հայ մտավորականությանը:
Հարկավոր է, եթե նա իրավ սիրում է մեր ժողովուրդը, մեր երկիրը:
Իսկ երբ դա լինի, ես հավատում եմ, կլինի եւ Հոգեւոր Հայաստանը, կենդանի կլինի մեր Հայրենիքը, ուրեմն կենդանի կլինի եւ այն Հայաստանը, որի համար մեր ժողովուրդը թափում է այսօր իր արյունը:
1914
Դիտվել է 403 անգամ