Քաղաքական դիսկուրսի մասին
Հայաստանում քաղաքական իշխանության և տնտեսական ռեսուրսների ծայրահեղ կենտրոնացման պայմաններում, երբ լրատվության միջոցները նույնպես ենթարկվում են մենաշնորհների տրամաբանությանը, մի փոքր նախաձեռնող խումբ 2013թ.-ի գարնանը հիմնադրեց Քաղաքական դիսկուրսը` որպես հարթակ քաղաքական մտքի և հանրային քննարկումների համար: Գլխավոր ազդակը եղել է քաղաքացիական խմբերի ակտիվացումը, ինչը տեղի էր ունենում թուլացած արհմիությունների և հանրային ոլորտի ընդհանուր ճգնաժամի, ինչպես նաև հասարակական կարգերի նկատմամբ քննադատական մտարտադրության պակասի պայմաններում:
Քաղաքական դիսկուրսը ընդհանուր հարթակ է ուսումնասիրողների և քաղաքացիական դիրքորոշում ունեցող անհատների համար: Էական սկզբունք է հանդիսանում անկախությունը կուսակցություններից, բիզնես շահերից և կրոնական հաստատություններից: Քաղաքական դիսկուրսը նաև փնտրում է սոցիալական, տնտեսական և քաղաքական այլընտրանքներ՝ Հայաստանում գործող համակարգերից և գերիշխող մտածողությունից անդին։ Վերլուծություններն ու մեկնաբանությունները ուղղված են սահմանադրականության, սոցիալական արդարության, իրավունքի գերակայության և քաղաքացիական շարժումների հարցերի ուսումնասիրմանը:
Քաղաքական դիսկուրսում հրապարակվում են հոդվածներ և նյութեր, որոնք.
— համահունչ են Քաղաքական դիսկուրսի վերը նշված նկարագրությանն ու նպատակներին,
— պարունակում են քաղաքական մտքի և քաղաքական փիլիսոփայության տարրեր,
— հանդիսանում են ակադեմիական ու հանրամատչելի ոճերի համադրում, ինչպես նաև դիսցիպլինների շրջագծից դուրս արվող վերլուծություններ:
Խմբագրակազմի էլ. փոստի հասցեն՝ editorial@diskurs.am
Խմբագրակազմի անդամներ
Գայանե Մելքոմ Մելքոմյան
Դավիթ Ստեփանյան
Վահրամ Սողոմոնյան
Խմբագրակազմի անդամների մասին
Գայանե Մելքոմ Մելքոմյանը ծնվել է 1987 թվականին։ Ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանության բաժինը: 2010 թվականին ավարտել է Կանադայի ՄակԳիլլի համալսարանի իրավաբանության մագիստրոսական ծրագիրը: 2007 թվականին եղել է Արմակադ Ակադեմիական համագործակցության եւ օժանդակության հայկական ասոցիացիայի նախաձեռնողներից մեկը: 2010-ին Գայանե Մելքոմ Մելքոմյանը մի խումբ համախոհների հետ հիմնադրել է «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը: Նա ակտիվորեն մասնակցել է 2012 թ. Մաշտոցի պուրակի պաշտպանության նախաձեռնությանն ու տարբեր հարթակներում քաղաքացիական ինքնակազմակերպման գործողություններին: Պարբերաբար հանդես է եկել քաղաքացիական օրակարգին վերաբերվող հրապարակախոսական հոդվածներով:
Դավիթ Ստեփանյանը ծնվել է 1981 թվականին։ Ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական ֆիլմերի ռեժիսուրայի բաժինը: 2004 թվականից սկսած բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումների և սոցիալական ու քաղաքացիական թեմաներով 8 ֆիլմերի հեղինակ է: Աշխատել է «Երկիր Մեդիա» և «Կայմ» հեռուստաընկերություններում: 2012-ից աշխատում է Ուտոպիանա մշակութային ՀԿ-ում որպես ռեժիսոր: Գրել է հրապարակախոսական հոդվածներ ինքնության և մշակուբանական թեմաներով (այդ թվում՝ «Հետք»-ում): 2011-ին արժանացել է Գյոթե մշակութային կենտրոնի «Արվեստ-քաղաք» նախագծի Երևանյան մրցույթի հաղթողի մրցանակին: Նախաձեռնել է ACTV առցանց հարթակը: Դավիթ Ստեփանյանի ֆիլմերից են «Լինել քաղաքացի» (2012), «Սիրուն աղջիկ, խի՞ ես էկել՝ իմ գործս ուզում ես դու անես» (2013, «Մեկ կադր» կինոփառատոնի առաջին մրցանակ) և այլն:
Վահրամ Սողոմոնյանը ծնվել է 1977 թվականին։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի գերմաներենի բաժինը: 2002-ից 2006-ը աշխատել է Մարբուրգի Ֆիլիպս համալսարանի «Եվրոպական ինտեգրացիա» հետազոտական խմբում: 2007թ. պաշտպանել է դոկտորական աշխատանք նույն համալսարանում: 2010 թվականից դասավանդել է քաղաքագիտություն Երևանի Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանում: Ուսումնասիրության հիմնական ուղղություններն են հարավկովկասյան ու եվրոպական ինտեգրման գործընթացները, Հայաստանում արժեհամակարգային փոփոխությունները և Արցախյան հիմնախնդիրը: 2010 թվականից ակտիվ մասնակցություն է ունեցել Երևանի հանրային տարածքների (այդ թվում՝ Մաշտոցի պուրակի) պաշտպանության նախաձեռնություններին: Կրթական քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիրներից է: